Հաշվետվություն/2020-12
Վիքիթիմ 1+3
Վիքիթիմ 1+3 մրցույթի հերթական մրցաշրջանը կազմակերպվեց դեկտեմբերի 2-15-ը։ Նախապատրաստական փուլում հայտարարություն տարածվեց նոյեմբերի 25-ին Վիքիմեդիա Հայաստանի ֆեյսբուքյան էջով։ Դեկտեմբերի 1-ին գրանցված թիմերի համար կազմակերպվել է հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մրցույթի կանոները, ընթացքը և գնահատման կարգը։
Մրցույթի բուն ընթացքը բաժանված էր երեք փուլի։ Յուրաքանչյուր փուլ տևում է երեք օր, իսկ չորորդ օրը ընթանում են ստուգման աշխատանքները։ Այս անգամ մրցույթի կազմակերպչական թիմում ներգրավված էին 3 կամավորներ, նրանք Վիքիթիմ 1+3 մրցույթի առաջին մրցաշրջանի հաղթող թիմի անդամներն էին։ Յուրաքանչյուրն իր տրամադրության տակ ուներ մի քանի թիմ և պետք է կոորդինացներ նրանց աշխատանքները։
Եվս մեկ նորամուծություն կար այս մրցաշրջանում, բացի խմբագրման աշխատանքներից, 15 օրերի ընթացքում կազմակերպվեցին նաև խաղեր՝ առցանց փազլի հավաքում, առցանց բրեյն ռինգ ինտելեկտուալ խաղ։ Թիմերն ակտիվ մասնակցեցին խաղերին, և հաղթողները ստացան հավելյալ միավորներ։
Վիքիթիմ 1+3 մրցույթի 3-րդ մրցաշրջանին ընդհանուր առմամբ մասնակցեցին 11 թիմ, 47 մասնակից։ Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ներդրվել է 4 938 564 բայթ և ստեղծվել է 175 նոր հոդված։
Համայնքային երկօրյակ
Դեկտեմբերի 18-20-ը Վիքիմեդիա Հայաստանը Ծաղկաձորում կազմակերպել է Համայնքային երկօրյակ։ Երկօրյակին մասնակցել են Վիքիմեդիա Հայաստանի 18-59 տարեկան անդամներ և վիքիհամայնքի ակտիվ մասնակիցներ։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա են եղել 41 հոգի։ Երևանից Ծաղկաձոր ճանապարհին մասնակիցները նստած են եղել իրարից հեռու` յուրաքանչյուր 20 տեղանոց տրանսպորտում 7 հոգի։ Միջոցառման ողջ ընթացքում մասնակիցները կրել են դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորությունը։ Բոլոր սրահներում ապահովել ենք ախտահանիչ միջոցներ, սնունդ ընդունելուց առաջ բոլոր մասնակիցների ձեռքերն ախտահանվել են։ Մասնակիցները դիմակները փոխել են 2 ժամը մեկ, իսկ երկօրյակի համար պատասխանատու բժիշկը օրական 3 անգամ ջերմաչափել է բոլոր մասնակիցներին և գրանցել գրանցամատյանում։ Արտառոց դեպքեր, COVID-19 համավարակի տարածումներ, նորմայից բարձր ջերմաստիճաններ և այլ խնդիրներ չեն առաջացել։
Երկօրյակի ընթացքում մասնակիցները ունեցել են Վիքիմեդիա շարժման և Վիքիմեդիա Հաաստանի ռազմավարության թեմաներով քննարկումներ, Վիքիտվյալների հետ կապված ինտերակտիվ քննարկում Շանի Էվերշտայնի հետ և իհարկե խմբագրել են Վիքիպեդիայում և Վիքիտվյալներում։ Ընդհանուր առմամբ 2 օրերի ընթացքում քննարկումներից ու հանդիպումներից զատ, մասնակիցները Հայերեն Վիքիպեդիայում ներդրել են 1 442 607 բայթ և ստեղծել են 74 նոր հոդված։
Համայնքային երկօրյակի շնորհիվ վիքիհամայնքի ակտիվ ներկայացուցիչների շարքը համալրվեց նոր անդամներով, որոնք, լինելով ոլորտում նորեկներ, երբևիցե չէին մասնակցել անցանց (օֆլայն) երկօրյակների, ճամբարների կամ նմանատիպ այլ միջոցառումների։ Նորեկների համար երկօրյակը հիանալի միջոց էր ավելի լավ ճանաչելու և տեսնելու համայնքի ակտիվությունը, ծանոթանալու վերջինիս գործունեությանը, կառուցվածքին և անդամներին։
Սեմինար Վիքիտվյալներ թեմայով
2020 թվականի դեկտեմբերի 18-20-ը Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված Համայնքային երկօրյակի շրջանակներում նախատեսված միջոցառումներից մեկը «Վիքիտվյալներ» թեմայով հանդիպումն էր դասախոս, հետազոտող և Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Շանի Էվենշտեյն Սիգալովի հետ։
Հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում և ընդարձակ սրահներից մեկում, որոնք լիովին հնարավորություն էին տալիս պարզ տեսնելու և լսելու ելույթը՝ խստագույնս պահպանելով սոցիալական հեռավորություն։ Սրահները նախապես ախտահանվել են, սեղանները և աթոռները նախապես դասավորվել միմյանցից հեռու։ Թարգմանչի միջոցով հանդիպումն իրականացրել ենք երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն։ Սրահները ոչ միայն ապահովում էին մասնակիցների հեռավորությունը, այլ նաև անգլերեն և հայերեն խմբերի բաժանումը։ Ցանկացողները կարող էին միանալ նաև նախապես ստեղծված Զում հղմանը և լսել հանդիպումը միայն անգլերենով, հղել իրենց հարցերն անմիջապես Շանիին։
Վիքիմեդիա Հայաստանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում ներառված Զումի հղումով երկօրյակին ներկա չգտնվողները նույնպես կարող էին միանալ, լսել և իրենց հարցերն ուղել Վիքիտվյալների վերաբերյալ։
Վիքիտվյալների հանդիպման ժամանակ Շանին Վիքինախագծերի, հատկապես Վիքիտվյալների վերաբերյալ որոշ հարցեր հղելուց և ծանոթանալուց հետո պարզեց, որ մասնակիցները բաժանված էին երկու խմբի՝ Վիքիտվյալների խմբագիրներ և Վիքիտվյալներում նորեկներ։ Այս փաստն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձրեց հանդիպումը։ Շատ փորձառուներ ևս ծանոթոցան Վիքիտվյալների որոշ կիրառությունների, որոնց մասին չգիտեին։
Շանիի պատրաստած ներկայացումը բաժանված էր երեք մասի՝ նախաբան, Վիքիտվյալների կիրառում, Վերջաբան։
Առաջին կետով Շանին ներկայացրեց ներկայիս ժամանակաշրջանում արհեստական բանականության կարևորությունը՝ հատկապես կարևոր դեր տալով տվյալներին։ Մասնակիցները լսեցին www համացանցի ստեղծման պատմությունը, զարգացումը, ինչպես նաև խոսվեց Վիքիտվյալների անցած ճանապարհից, կարևորությունից։
Երկրորդ կետով հստակ օրինակներով ներկայացվեց տվյալների կիրառության և արդյունավետության համար մի քանի գործիքներ։ Եզրափակումից հետո մասնակիցներից մեկը հարց հնչեցրեց Վիքիտվյալների կիրառության մասին։
Քննարկում Վիքիմեդիա շարժման ռազմավարության վերաբերյալ
Դեկտեմբերի 19-ին համայնքային երկօրյակի շրջանակներում կզմակերպված քննարկումներից մեկը նվիրված էր Վիքիմեդիա հիմնադրամի ռազմավարությանը։ Քննարկմանը ներկա էին Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի անդամներ, ինչպես նաև վիքիհամայնքի այլ ակտիվ ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ 40 մասնակից։
Քննարկումը բաղկացած էր երկու մասից՝ Վիքիմեդիա շարժման ռազմավարություն և Վիքիմեդիա Հայաստանի ռազմավարություն։ Վիքիմեդիա շարժման ռազմավարության քննարկման շրջանակներում ներկայացվել են Վիքիմեդիա շարժման ռազմավարության հիմնական 10 սկզբունքները, ինչպես նաև առաջարկությունները, որոնք մշակվել են շարժման կողմից։
Վիքիմեդիա շարժման ռազմավարության քննարկումից հետո փորձ արվեց վերոնշյալ սկզբունքները տեղայնացնել հայկական վիքիշարժման շրջանակներում։ Շարժման սկզբունքներից ապահովության և անվտանգության վերաբերյալ հնչեցին օրինակներ Վիքիճամբարներից։ Համագործակցության վառ օրինակներ էին Վիքիմեդիա Հայաստանի և մի շարք հաստատությունների համագործակցությունները, ինչպիսիք են լուսանկարների պահպանման նպատակով ազգային արխիվի, ԳԼԱՄ-ի շրջանակներում թանգարանների հետ համագործակցությունը, ճամբարների շրջանակներում ՀՀ Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների և Մշակույթի նախարարությունների հետ, կրթական ծրագրերում համալսարանների (ԲՊՀ, Եվրոպական համալսարան) հետ համագործակցությունը և այլն։
Ճկունության սկզբունքի վառ ապացույց էին կոռոնավիրուսային համավարակի պայմաններում Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված Վիքիթիմ 1+3 նախագիծը, որը թույլ տվեց առցանց խթանել ակումբների, ինչպես նաև մնացած խմբագիրների ակտիվ և մրցունակ խմբագրումները, համայնքում ներգրավել նորեկների։ Համավարակի ամենաթեժ փուլում, մեր երկրի սահմանափակումները հաշվի առնելով՝ կազմակերպվեցին 2 առցանց Վիքիճամբարներ, և ունեցանք 100-ից ավել մասնակիցներ։ Ճկունության մեկ այլ օրինակ է Վիքիդասընթացներ նախագծի արագ անցումը առցանց տարբերակի։ Վերջինս թույլ տվեց ներգրավել նաև մասնակիցներ տարբեր մարզերից, ովքեր նախկինում չէին կարող հաճախել գրասենյակ կամ դասընթացների անցկացման վայր։ Խմբագրումները մեծ խմբերով դարձավ ավելի արդյունավետ։
Ռազմավարության քննարկման ժամանակ տարբեր մասնակիցների կողմից հնչեցին հարցեր նաև Վիքիակումբներից, վերջիններիս հետագա ծրագրերցից, նոր ակումբներ հիմնելու ծրագրերից։
Խմբագրաթոն Աշնանային վիքիդասընթացների շրջանակներում
2020 թվականի հոկտեմբերի 5-ին մեկնարկած Վիքիդասընթացների շրջանակներում (դասընթացները դեռ ընթացքի մեջ են), երբ մասնակիցներն արդեն լիովին տիրապետում էին Վիքիգործիքակազմին, դեկտեմբերի 1-10 կազմակերպվել է խմբագրաթոն «Արվեստ» թեմայով։ Խմբագրաթոնի նպատակն էր մասնակիցներին ներգրավել փորձառուների հետ մրցման ասպարեզ` դարձնելով ավելի ակտիվ և հետաքրքիր։ Խմբագրաթոնին ակտիվ մասնակել են նաև խմբագիրներ Վիքիդասընթացներից դուրս։
Խմբագրաթոնին ստեղծվել են հոդվածներ նաև հատուկ խմբագրաթոնի համար կազմված «Կին և արվեստ» և «Նկարներ» ցանկերից։
Նորեկ մասնակիցները հնարավորություն են ունեցել նաև օգտվելու ուղեցույց տեսանյութերից։
Խմբագրաթոնի շրջանակներում ստեղծվել է 133 հոդված, կատարվել 1 613 928 բայթի ներդրում։
«Վիքիպեդիան խաղաղության համար․ կլիմայական արդարություն» առցանց Վիքիճամբար 3
Service Civil International Switzerland կազմակերպությունը Վիքիմեդիա Շվեյցարիայի հետ համագործակցությամբ նոյեմբերի 9-15-ը կազմակերպել էր «Վիքիպեդիան խաղաղության համար» առցանց երրորդ Վիքիճամբարը: Այս անգամ ճամբարի թեման կլիմայական արդարությունն էր, կլիմայական ակտիվիստների կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են կլիմայական արդարությունը։ Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության կողմից ճամբարին մասնակցում էր Անուշ Մկրտչյանը, ով ճամբարի ընթացքում ստեղծել է 12 հոդված։
Անուշ Մկրտչյան
Նոյեմբերի 9-ից 15-ը ընթացավ Service Civil International Switzerland կազմակերպության և Վիքիմեդիա Շվեյցարիա կազմակերպության առցանց ՝ «Wikipedia for Peace: Climate Justice» առցանց ճամբարը։ Ճամբարին մասնակցել է 15 հոգի աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Վիքիմեդիա Հայաստանի անդամներից։
Ճամբարի թեման կլիմայական արդարությունն էր։ Մասնակիցները Վիքիպեդիան համալրել են կլիմայական ակտիվիստների կյանքի, գործունեության, ինչպես նաև կազմակերպությունների մասին հոդվածներով։ Հոդվածների ցանկը նախապես տրամադրվել է, մասնակիցները ևս առաջարկել են այն հոդվածները, որոնք ընդգրկված չեն եղել ցանկում։
Առցանց Ճամբարի ընթացքում կրթական հատվածը բավականին հարուստ էր։ Նախքան խմբագրելը, կազմակերպվել են հետաքրքիր խաղեր միմյանց հետ ծանոթանալու համար։ Ձևավորվել են 3-4 հոգանոց խմբեր, խմբերին տրվել է հանձնարարություններ, քննարկումներ են կատարվել բուն թեմայի շուրջ, յուրաքանչյուր մասնակից արտահայտել է իր տեսակետը։ Շատ դրական և հաճելի միջավայրում է անցել ճամբարը, թեև առցանց լինելուն, կարճ ժամանակահատվածում նոր գիտելիքներ ստացանք և՛ քննարկվող թեմայի շուրջ, և՛ Վիքիպեդիան խմբագրելու վերաբերյալ։ Ճամբարի ղեկավարը՝ Թոմասը, յուրահատուկ մեթոդներ է կրիառել ճամբարի շրջանակներում, արդյունքում մասնակիցներից յուրաքանչյուրը նոր հմտություններ է ձեռք բերել, ինչպես օրինակ՝ թիմում աշխատելու, ակտիվ քննարկումներ իրականացնելու և այլն։ Քանի որ, մասնակիցների մեծ մասը փորձառու խմբագիրներ չէին, ճամբարի ղեկավարը ներկայացրել է նաև՝ ինչպես պետք է ստեղծել հոդվածներ, ինչպես ներբեռնել նկարներ Վիքիպահեստում, Վիքիպեդիան խմբագրելու կանոնները և գործիքակազմը։
Ընդհանուր առմամբ առցանց ճամբարը հագեցած է անցել, այն յուրահատուկ փորձ էր նման ձևաչափով կազմակերպված ճամբարին մասնակցելու ու խորապես հասկանալու Վիքիպեդիայի հոդվածների կառուցվածքը և բնույթը։ Ճամբարի ազատ ժամանց հատվածում քննարկվել են մշակութային թեմաներ, մասնակիցները ներկայացրել են իրեն երկրի մշակութային առանձնահատկությունները։ Թերևս ամենակրեատիվ հատվածը ճամբարի խմբային նկարներն էին, քանի որ յուրաքանչյուր խումբ առաջարկում էր, թե ինչպիսին պետք է լինի տվյալ օրվա խմբային նկարը։
«Վիքիպեդիան հանուն մարդու իրավունքների. մարդու իրավունքների սերունդները» սեմինար
Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության, ինչպես նաև Վերահսկիչ հանձնաժողովի անդամ և ակտիվ վիքիխմբագիր Նորայր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության գրասենյակում կազմակերպել էր սեմինար՝ նվիրված մարդու իրավունքներին։ Վիքիմեդիա Հայաստանը ամեն ամիս կազմակերպում է թեմատիկ հանդիպում-սեմինար ինչպես համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ նորեկների համար։ Այս սեմինարը իրականացվում էր հենց այդ նախաձեռնության շրջանակներում։ Սեմինարին մասնակիցների թիվը սահմանափակ էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով։ Սեմինարին ներկա գտնվող մասնակիցները մշտապես կրել են դիմակներ։ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակը բավականին ընդարձակ է, որը հնարավորություն է տալիս, պահպանելով սոցիալական հեռավորության բոլոր կանոնները, փոքրաթիվ մարդկանց համար ազատորեն միջոցառումներ իրականացնել։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է մարդու իրավունքների սերունդները և հայեցակարգը, ժամանակակից իրավական և ժողովրդավարական պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները: Սեմինարի մասնակիցներն իրենց հարցերն ուղղել են բանախոսին և միջոցառումը ժամանակ առ ժամանակ ընթացել է «հարց ու պատասխան» ձևաչափով։
Շաբաթօրյա վորքշոփներ
Դեկտեմբեր ամսին անցկացվել են 4 առցանց վորքշոփներ։ Թեմաները եղել են նախապես պլանավորված։
Վորքշոփներին միաժամանակ մասնակցել են և՛ փորձառու խմբագիրներ, և՛ նորեկներ։ Օրվա թեմայի ավարտից հետո հարց-պատասխան տարբերակով քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող հարցեր՝ ինչպես թեմայի շրջանակներում, այնպես էլ նախանշված թեմայից դուրս։ Վորքշոփներին ակտիվ մասնակիցներից են եղել Աշնանային Վիքիդասընթացների մասնակիցները։
Վորքշոփներից մեկը՝ դեկտեմբերի 12-ի հանդիպումը, նվիրված էր հոդվածների ընտրության եղանակներին։ Մասնակիցներից հատկապես նորեկների համար հոդվածի թեմայի ընտրությունը ցանկերից դուրս հաճախ դժվարություններ է առաջացնում և պահանջում որոշակի ժամանակ։ Վորքշոփի ընթացքում մասնակիցները կիսվեցին փորձով, ներկայացրին ընտրության իրենց եղանակները, օրինակներ բերեցին հենց իրենց հոդվածներից։
Դեկտեմբերի 26-ին կազմակերպված թեմատիկ վորքշոփը նվիրված էր արտաքին և ներքին հղումներին, մեդիագրագիտությանը։ Հետաքրքիր տեսանյութի միջոցով մասնակիցները պատկերացում կազմեցին համացանցի աշխատանքի մասին։
Մամուլի անդրադարձ
Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը մեկ հոդված է ներկայացրել Վիքիմեդիա Հիմնադրամի կրթական ամսագրում։ «Վիքիպեդիան՝ որպես կրթելու և կրթվելու միջոց» հոդվածը ներկայացնում է ուսուցիչների համար նախատեսված Վիքիպեդիայի դասընթացների անցկացման մանրասմաները, դրանց արդյունավետությունն ու ազդեցությունները ուսուցիչների վրա:
Վիքիակումբների հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա ընթացքում վիքիակումբները մասնակցել և իրականացրել են տարբեր հետաքրքիր և արդյունավետ միջոցառումներ։ Ակումբականները առավել ակտիվ են եղել «ՎիքիԹիմ 1+3» մրցույթի ընթացքում։ Աշխատանքները իրականացվել են օնլայն և օֆլայն եղանակով (օֆլայն աշխատանքնների ժամանակ պահպանվել են կորոնավիրուսի համաճարակի բոլոր կանոնները, և մասնակիցների ընդհանուր թիվը չի գերազանցել 8 անձը)։
Ալավերդու վիքիակումբը շարունակել է համատեղ հոդված գրելու ավանդույթը. վորքշոփներից մեկի ընթացքում ակումբականները միասին թարգմանել են Բոլիվիայի ցույցեր (2019) հոդվածը։ Ամսվա սկզբին ակումբում անցկացվել է նախորդ ամսվա ամփոփիչ հանդիպում, որի ժամանակ ընտրվել են ամսվա լավագույն հոդվածները՝ Պարամասոնականություն, Էկվինոֆոբիա, ԼՂ-ում հրադադարի մասին համաձայնագիր։ Դեկտեմբերի 17-ին՝ առցանց վորքշոփի ավարտին, ակումբում անցկացվել է հոգեբանական խաղ-վիկտորինա, որի նպատակն է եղել զարգացնել մասնակիցների հիշողությունը, երևակայությունը և մյուս իմացական գործընթացները։
Գորիսի վիքիակումբի մասնակիցները դեկտեմբերի 25-ին տեսազանգի միջոցով կապ են հաստատել Կապանի ամերիկյան անկյան «Անգլերեն 0-ից» խմբի մասնակիցների հետ, որոնք ծանոթացել են վիքինախագծերի հետ և առաջին խմբագրումները կատարել Վիքիպեդիայում։
Կողբի վիքիակումբը դեկտեմբեր ամսին համալրվել է 6 նոր մասնակիցներով։ Ամսվա ընթացքում իրականացվել է միջոցառում, որի ընթացքում ակումբականներին տրամադրվել է թեստ-հարցաշար Վիքիպեդիայում խմբագրելու մասին՝ նպատակ ունենալով խթանել ակումբականներին Վիքիպեդիայում առավել շատ խմբագրումներ կատարել:
Հացիկի վիքիակումբում դեկտեմբերի 17-ին անցկացվել է գրքի ընթերցում և քննարկում։ Խմբագիրների ցանկությամբ ընտրվել է «Փոքրիկ իշխանը» գիրքը (Վիքիթիմ 1+3 մրցույթին մասնակցող Հացիկի վիքիակումբական թիմի անունը՝ B 612 վերցված էր այս գրքից․ դա Փոքրիկ իշխանի մոլորակի անունն է)։ Ընթերցումը և քննարկումը անցկացվել է հետևյալ կերպ․ խմբագիրներից յուրաքանչյուրը կարդացել է գրքից մի հատված, որին հետևել է մտքերի փոխանակումը։ Գրքի ընթերցումը և քննարկումը անցել է շատ բուռն, հնչել են բազմազան հետաքրքիր և տարբերվող մեկնաբանություններ։
Քարվաճառի վիքիակումբը ամսվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ երկու անգամ (չորեքշաբթի և ուրբաթ օրերին) կազմակերպել է հեռավար ընդհանուր թարգմանություններ անգլերենից: Յուրաքանչյուր օր ակումբականները թարգմանել են 2 հոդված:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում հետաքրքիր հոդված է հրապարակվել Ալավերդու վիքիակումբի գործունեության մասին։
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ալավերդի | 54 | 13000 | 1497667 | 107 | 61829 | 161 | 14921 | 3 | 0 | 54 |
Արևածագ | 64 | 960 | 684503 | 45 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 33 | 121976 | 391477 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 36 | 20300 | 1088352 | 80 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Դդմաշեն | 25 | 2876 | 898531 | 39 | 0 | 0 | 216745 | 100 | 268 | 53 |
Լեռնապատ | 95 | 2279 | 2468573 | 117 | 0 | 0 | 78373 | 17 | 21 | 0 |
Կողբ | 36 | 5300 | 230337 | 26 | 49942 | 137 | 3483 | 0 | 0 | 50 |
Հացիկ | 21 | 1044 | 601097 | 43 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սպիտակ | 43 | 13000 | 91106 | 9 | 0 | 0 | 13622 | 5 | 37 | 0 |
Ստեփանակերտ | 23 | 55200 | 367471 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Քարվաճառ | 27 | 500 | 401341 | 51 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 11 | 1109 | 244545 | 20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գանձաքար | 6 | 3656 | 17071 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գոշ | 14 | 1218 | 20286 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 16 | 5000 | 215272 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 8 | 1837 | 406068 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կիրանց | 12 | 298 | 12602 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Մրգավան | 61 | 1725 | 183014 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 652 | 268329 | 9819313 | 618 | 111779 | 298 | 327660 | 125 | 326 | 157 |