Հաշվետվություն/2020-02
Հայերեն Վիքիպեդիայի տարեդարձ
2020 թվականի փետրվարի 17-ին լրացավ Հայերեն Վիքիպեդիայի 15 տարին։ Իրադարձությունն առավել հիշարժան դարձնելու համար նախորդ օրը՝ փետրվարի 16-ին, կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ քվեստ, խմբագրաթոն, երգ ու պար։
«Ճանաչի՛ր Երևանը» վերտառությամբ քվեստին մասնակցում էր շուրջ 40 հոգի, որոնց մեծ մասը Ձմեռային Վիքիճամբարի մասնակիցներ էին։ Նրանցից ձևավորվել էր 4 խումբ․ նպատակն էր շրջել Հանրապետության հրապարակի հարակից տարածքներում և գտնել տարբեր հանելուկների և ինտելեկտուալ հարցերի ճիշտ պատասխանները հուշարձանների տեսքով և ուղարկել դրանք խաղի կազմակերպիչներին։ Չնայած ձմեռային ցրտաշունչ օրվան, քվեստի մասնակիցները հրաշալի ժամանակ են անցկացրել միջոցառման ընթացքում։
Քվեստից հետո վերադառնալով Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ՝ քվեստի մասնակիցները, ինչպես նաև համայնքի այլ ներկայացուցիչներ մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայի տարեդարձին նվիրված խմբագրաթոնին։ Խմբագրաթոնը տևել է շուրջ երկու ժամ, որին մասնակցել է ավելի քան 50 հոգի։ Մասնակիցները ընտրել են հոդվածներ՝ նախապես ստեղծված ցանկից, և բարելավել կամ ստեղծել դրանք։ Ընդհանուր առմամբ ստեղծվել և բարելավվել է 23 հոդված։
Խմբագրաթոնի ավարտից հետո սկսվել է ազատ ժամանցը, որի ընթացքում հրավիրված ջութակահարը իր հետաքրքիր ելույթներով ապահովել է գրասենյակում գտնվողների բարձր տրամադրությունը։ Շարունակելով արդեն ավանդույթ դարձած տորթի արարողությունը՝ մասնակիցները կտրել են Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան տորթը։ Այնուհետև մինչև կեսգիշեր մասնակիցները ազատ ժամանց են անցկացրել՝ սպասելով ժամը 00։00-ին՝ շնորհավորելու Հայերեն Վիքիպեդիայի ծնունդը։
«Օսկարակիրները» խմբագրաթոն
2020 թվականի փետրվարի 10-ից 29-ը վիքիակումբների շրջանակներում Հայերեն Վիքիպեդիայում իրականացվեց խմբագրաթոն՝ նվիրված տարբեր անվանակարգերում Օսկար մրցանակի արժանացած անձանց և ֆիլմերին։ Խմբագրաթոնի մեկնարկը տրվեց Օսկարի 92-րդ մրցանակաբաշխության օրը և ավարտվեց փետրվարի 29-ին։ Խմբագրաթոնի ընթացքում ակումբներում կազմակերպվել են ֆիլիմի դիտումներ և հետաքրքիր քննարկումներ տարբեր ժամանակների օսկարակիր ֆիլմերի մասին։ Այն նպատակ ուներ բարելավելու կինոարվեստի ոլորտում ամենահայտնի մրցանակներից մեկի դափնեկիրների մասին հոդվածների ցանկը Հայերեն Վիքիպեդիայում, ինչպես նաև ակումբականներին հնարավորություն ընձեռելու ուսումնասիրել կինոարտադրության աշխարհը տարբեր ժամանակներում։
Կառավարման աուդիտի եզրակացության ներկայացում Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում
Փետրվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կառավարման աուդիտ իրականացրած «Ջեյ-Փի» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արամ Վարդևանյանը կազմակերպության անդամներին և վիքիհամայնքի խմբագիրներին ներկայացրել է Վիքիմեդիա Հայաստանում կատարված աուդիտի եզրակացությունը։ Հանդիպման ընթացքում պարոն Վարդևանյանը անդրադարձել է եզրակացության հիմնական դրույթներին, պատասխանել ներկաների հարցերին։ Մինչ այս հանդիպումը կազմակերպության անդամներին էր ուղարկվել աուդիտի եզրակացությունը։ Այս հանդիպումով Վիքիմեդիա Հայաստանը եզրափակել է կազմակերպությունում կառավարման աուդիտի անցկացման և ամփոփման գործընթացը։
Կանոնադրական բարեփոխումներ
Վիքիմեդիա Հայաստանը կառավարման աուդիտի եզրակացության հիման վրա մշակել է նոր կանոնադրության նախագիծ։ Աշխատանքները համակարգել է կազմակերպության խորհրդի նախագահ Վահագն Փիլիպոսյանը։
Կանոնադրության նախագծի մշակմանը հնարավորություն են ունեցել մասնակցել բոլոր անդամները, աշխատակազմը և շահագրգիռ կողմերը։ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվել է 3 հանդիպում-քննարկում (յուրաքանչյուրը շուրջ 3․5 - 4 ժամ), որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և վերլուծվել են նոր կանոնադրության նախագծի դրույթները, ներկայացվել առաջարկություններ, դիտարկումներ։ Դրանց հիման վրա իրավաբանական թիմը կատարել է անհրաժեշտ փոփոխությունները։ Այդ հանդիպումներին մասնակցել են կազմակերպության խորհրդի անդամներ, Վերահսկիչ հանձնաժողովի անդամները, կազմակերպության տասնյակ անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։
Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անդամներն ու աշխատակազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ են մասնակցել այս քննարկումներին։
Վիքիպեդիայի դասընթաց մարզային թանգարանների համար
2020 թվականի փետրվարի 15-ից 16-ին Վիքիմեդիա Հայաստանը USAID-ի և Սմիթսոնյան հաստատության կողմից ֆինանսավորվող«Իմ Հայաստան» ծրագրի հետ իրականցրեց «Ուժեղացնելով մարզային թանգարանները» վերնագրով GLAM նոր ծրագիրը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում։ Նախագծի նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային հաստատություններին կիսել իրենց գիտելիքներն ու ռեսուրսները աշխարհի հետ Վիքիմեդիայի տարբեր հարթակների միջոցով, ինչպիսիք են Վիքիպեդիան, Վիքիպահեստը և Վիքիտվյալները։
Միևնույն ժամանակ նախագիծը միտված է գիտելիք հանրության համար առավել հասանելի դարձնելուն՝ խթանելով մարզային թանգարանների զարգացմանը և նրանց ներգրավմանը վիքիհամայնքում և վիքիհարթակներում: Այս համագործակցության շրջանակներում Վիքիմեդիա Հայաստանը աշխատել է «Իմ Հայաստան» ծրագրի կողմից ներկայացված մարզային ինը թանգարանների հետ։ Ծրագրին մասնակցած թանգարաններից են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, Գորիսի երկրաբանական թանգարանը, Եղեգնաձորի տարածաշրջանային թանգարանը, Ջերմուկի գեղարվեստի պատկերասրահը, Վանաձորի կերպարվեստի թանգարանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, Չարենցի գրականության և արվեստի թանգարանը, Դիլիջանի տարածաշրջանային թանգարան պատկերասրահը։
Այս ծրագրի շրջանակներում թանգարանները տրամադրել են զանազան նյութեր իրենց հաստատությունների, մարզի պատմության մասին, տարբեր ցուցանմուշների և հավաքածուներում պահվող արժեքավոր իրերի մասին, իրենց մարզի անվանի անձանց կենսագրության վերաբերյալ և այլն: Այս դասընթացի ավարտին ստեղծվել են Վիքիպեդիայի մի շարք հոդվածներ, տվյալներ են ավելացվել Վիքիտվյալներում, իսկ լուսանկարները վերբեռնվել են Վիքիպահեստում:
Վիքիակումբների հաշվետվություն
Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրը մի շարք անումբներում կազմակերպվել են փոքրիկ միջոցառումներ։ Քարվաճառի վիքիակումբում կարդացել են Սոս Սարգսյանի «Կանչ» գրքից հատված և քննարկել։ Այնուհետև ակումբականները միմյանց գրքեր են նվիրել և մասնակցել Քարվաճառի գրքի բանկի բացմանը: Ալավերդու վիքիակումբում ակումբականները հետաքրքիր գրքեր են նվիրել ակումբին՝ ստեղծելով փոքրիկ գրադարան, որը պարբերաբար համալրվելու է կարևոր գրքերով։ Վիքիգրադարանի պատասխանատու է նշանակվել ակումբականներից մեկը, ով ամենայն պատասխանատվությամբ և խնամքով հետևում է գրքերի շրջանառությանը։ Այնուհետև ակումբականները համատեղ հոդված են գրել, որը պատմում է ամերիկյան հայտնի առցանց գրախանութի մասին։ Լեռնապատի ակումբում տասից ավելի մասնակիցներ բարելավել են «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» հոդվածը, անցկացվել է խմբագրման փոքր մրցույթ, իսկ վերջում լավագույն խմբագիրները ստացել են գրքեր՝ իբրև նվեր։ Հացիկի վիքիակումբի մասնակիցները նվեր գրքերով այցելել են Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հաստատություն։ Բացի նվեր գրքերից, երեխաների համար կազմակերպվել է նաև Թումանյանի ծննդյանը նվիրված գրական ցերեկույթ։
Դդմաշենի վիքիակումբը նախաձեռնել է համադպրոցական միջոցառում նվիրված Լեզվի միջազգային օրվան, որ եզրափակվել է ակումբում (միջոցառման մեկնարկը տրվել է փետրվարի 17-ին, ավարտվել փետրվարի 21-ին)՝ ներկայացնելով նաև 15 հոդված, որոնք գրվել էին այդ օրերի ընթացքում։ Հանդիպումը հագեցած է եղել հետաքրքրաշարժ հարցերով, այդ օրը ակումբականների համար ևս մեկ առիթ է հանդիսացել արժևորելու մայրենի լեզուն, անդրադառնալու լեզվապահպանության խնդիրներին։ Այս հնգօրյա խմբագրաթոնի և միջոցառման նպատակն էր հարստացնել Վիքիպեդիան լեզվի մասին հոդվածներով, ինչպես նաև պահել և պահպանել մայրենին՝ հավատարիմ մնալով մեր արժեքներին և գաղափարներին։
Գորիսի վիքիակումբականները փետրվարի 21-ին հյուրընկալվել էին Գորիսի մամուլի ակումբում։ Սյունիքի ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում մեդիագրագիտություն թեմայով զրույց-սեմինար է անցկացվել, որի արդյունքում ակումբականներն ավելի լավ պատկերացում են կազմել մեդիագրագիտության, դրան նպաստող գործիքակազմի մասին։ Սեմինարն անց է կացվել երեխաներին առավել հասկանալի խաղային մեթոդներով։
Դդմաշենի և Ալավերդու վիքիակումբները տեսազանգի միջոցով կիսվել են իրենց հետաքրքրություններով, զրուցել տարբեր նախագծերից։ Ակումբականները համատեղ հոդված են գրել՝ նվիրված Հասարակական կազմակերպությունների միջազգային օրվանը, որը նշվում է փետրվարի 27-ին։
Յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը նշվում է անվտանգ համացանցի օրը։ Ալավերդու վիքիակումբը նույնպես անմասն չի մնացել անցկացվող միջոցառումներից և կազմակերպել է խաղ-վիկտորինա, որի ընթացքում տղաների ու աղջիկների թիմերը ստուգել են իրենց գիտելիքները թեմայի վերաբերյալ։ Գրեթե հավասար պայքարի արդյունքում հաղթող են ճանաչվել տղաները, սակայն նոր գիտելիքներ են ստացել և մրցանակը վայելել են բոլորը։ Միջոցառմանն անդրադարձել է Անկյուն գումարած 3 լրատվականը և safe.am կայքը։
Փետրվարի 22-ին Ալավերդու վիքիակումբականները ամփոփելով թումանյանական տարին, այցելել են մեծն լոռեցու տուն-թանգարան։ Գերհագեցած օրն ամփոփվել է Թումանյանի սիրելի վայրերից մեկում՝ Դսեղի ծովերում, որը թեև տարվա այս եղանակին սառցադաշտ է հիշեցնում, բայց գեղատեսիլ վայր է։
Ստեփանակերտի վիքիակումբականները այցելել են Ղարաբաղ կարպետ գործարան, ծանոթացել են գորգագործության մեր հնագույն ավանդույթին: Ակումբը մասնակցել է «Wiki Loves Folklore 2020» (Վիքին սիրում է ազգային մշակույթ) ֆոտոմրցույթին, որի շրջանակներում ունեցել է մի շարք գեղեցիկ ու կոլորիտային լուսանկարներ։
Ի վերջո, բոլոր ակումբները մասնակցել են «Օսկարակիրները» 20-օրյա խմբագրաթոնին, որի շրջանակներում ստեղծել են 295 հոդված։
Արճիսի վիքիակումբում «Օսկարակիրները» խմբագրաթոնի շրջանակներում ակումբականներից մեկը ներկայացրել է, թե ինչ է Օսկարը, ում են շնորհում այն, դրա անվանակարգերը և տվել է ակումբի հոդվածների կարճ նկարագիրը:
Վիքիակումբների վիճակագրություն
Վիքիակումբ | Մասնակիցներ | Բնակչություն | Բայթեր+ (պ) | Բայթեր- (պ) | Խմբագրումներ (պ) | Հոդվածներ (պ) | Բայթեր+ (բ) | Բայթեր- (բ) | Խմբագրումներ (բ) | Հոդվածներ (բ) | Բայթեր+ (դ) | Բայթեր- (դ) | Խմբագրումներ (դ) | Ստեղծված (դ) | Սրբագրված (դ) | Հաստատված (դ) |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) | 13 | 121976 | 313635 | -2 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 83719 | -1885 | 23 | 20 | 23 | 0 |
Ալավերդի | 89 | 13000 | 633214 | -40447 | 894 | 56 | 1810 | -336 | 39 | 3 | 11361 | -50 | 5 | 2 | 3 | 0 |
Արևածագ | 65 | 960 | 463853 | -3917 | 972 | 62 | 23953 | -61 | 90 | 38 | 112777 | -95 | 63 | 44 | 52 | 11 |
Գյումրի (Շահումյան 69) | 79 | 121976 | 302721 | -13 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գորիս | 67 | 20300 | 194585 | -3727 | 345 | 36 | 1 | 0 | 1 | 0 | 9321 | -3525 | 50 | 2 | 8 | 42 |
Դդմաշեն | 22 | 2876 | 1343233 | -84605 | 3510 | 69 | 0 | 0 | 0 | 0 | 347303 | -130 | 255 | 200 | 222 | 0 |
Լեռնապատ | 58 | 2279 | 1386574 | -42385 | 1657 | 131 | 1 | -53 | 3 | 0 | 141614 | -6314 | 75 | 45 | 9 | 14 |
Կողբ | 101 | 5300 | 133845 | -1774 | 93 | 13 | 64218 | -2134 | 325 | 139 | 1771 | -3939 | 5 | 1 | 2 | 0 |
Հացիկ | 50 | 1044 | 539232 | -2841 | 158 | 72 | 32400 | -5 | 71 | 53 | 218196 | -666 | 120 | 75 | 75 | 38 |
Մրգավան | 61 | 1725 | 721857 | -105750 | 2538 | 78 | 0 | 0 | 0 | 0 | 27079 | -267 | 44 | 7 | 7 | 28 |
Սպիտակ | 64 | 13000 | 106227 | -335 | 75 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 270701 | -2195 | 290 | 100 | 112 | 152 |
Ստեփանակերտ | 243 | 55200 | 732582 | -31077 | 276 | 54 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վանաշեն | 49 | 2573 | 60131 | -128 | 32 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 10665 | 0 | 6 | 5 | 5 | 0 |
Վարդենիկ | 66 | 9880 | 24184 | -433362 | 141 | 8 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 0 | 1 |
Տող | 87 | 700 | 61238 | -1300 | 29 | 12 | 0 | 0 | 0 | 0 | 67013 | -3392 | 74 | 19 | 55 | 17 |
Քարվաճառ | 114 | 500 | 764238 | -7669 | 239 | 115 | 11256 | -3880 | 176 | 23 | 261137 | -179 | 154 | 90 | 20 | 74 |
Այգեձոր | 13 | 2608 | 11773 | -362 | 8 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Արճիս | 10 | 1109 | 231905 | -3158 | 244 | 41 | 0 | 0 | 0 | 0 | 8567 | -58 | 14 | 3 | 12 | 2 |
Բերդ | 25 | 7800 | 24733 | 0 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 153841 | -1225 | 244 | 32 | 41 | 112 |
Գանձաքար | 6 | 3656 | 25182 | 0 | 19 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Գոշ | 12 | 1218 | 303464 | -606 | 52 | 38 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Լուսահովիտ | 12 | 390 | 2553 | -433 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 103340 | -1475 | 90 | 32 | 71 | 17 |
Կիրանց | 16 | 298 | 43494 | -17738 | 19 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 514558 | -3250 | 441 | 169 | 360 | 74 |
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) | 13 | 5000 | 105914 | -424 | 53 | 15 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Նոյեմբերյան (ավագ դպրոց) | 20 | 5000 | 675830 | -4292 | 194 | 65 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Սարիգյուղ | 7 | 1253 | 20975 | 0 | 9 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Վերին Կարմիրաղբյուր | 7 | 1837 | 244742 | -549 | 36 | 26 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդամենը | 1369 | 403458 | 9471914 | -786894 | 11618 | 940 | 133639 | -6469 | 708 | 256 | 2342964 | -28645 | 1955 | 846 | 1077 | 582 |
Մամուլի անդրադարձ
Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության անդամ Դավիթ Պողոսյանը և Վիքիհամայնքի ակտիվ ներկայացուցիչներ Սահականուշ Սահակյանը և Արգիշտի Տիգրանյանը հյուրընկալվել են Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարին, որտեղ ներկայացրել են Վիքիմեդիա Հայաստանի գործունեությունը, նախագծերը և անդրադարձել Հայերեն Վիքիպեդիայի 15-ամյակին։
Շաբաթօրյա վորքշոփներ
Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։ Այս ամիս նախատեսված էր իրականացնել շաբաթօրյա 5 վորքշոփ, սակայն Ձմեռային երիտասարդական ճամբարի պատճառով անցկացվել է միայն 4-ը։ Ընդհանուր առմամբ, վորքշոփներին մասնակցել է շուրջ 55 հոգի։