2020
Հոկտեմբեր

Աշնանային Վիքիճամբար

2020 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցավ Աշնանային Վիքիճամբարը, որին մասնակցել է 39 վիքիխմբագիր։ Ճամբարականների անվտանգ օրերն ապահովելու համար ամբողջ հյուրանոցի տարածքը փակ էր Վիքիճամբարի համար։ Առաջին օրը բոլորը թեստավորվել են ՊՇՌ թեստով, աշխատակազմն ու հյուրանոցի աշխատակիցները նույնպես թեստավորվել են։ Գրանցվել է 4 դրական դեպք, ովքեր մի դասարանից էին և վարակվել էին մինչև ճամբարը։ Նրանք և նրանց հետ սերտ շփում ունեցած մի քանի հոգի մեկուսացվել են առանձին սենյակներում, որից հետո սկսվել է ճամբարի բնականոն ընթացքը։ Մինչև պատասխանները ստանալը մասնակիցների միջև շփումը հասցված էր նվազագույնի, որպեսզի դրական պատասխան ունենալու դեպքում տարածումը կանխվի։ Բոլորը կրում էին դիմակներ, հաճախակի փոխում դրանք և անընդհատ ախտահանում ձեռքերը։ Բոլոր մասնակիցները օրը նվազագույնը 3 անգամ ջերմաչափվել են, որի արդյունքները գրանցվել են գրանցամատյանում։

Օգտագործվող տարածքների մակերեսները, դռների բռնակները և մնացած իրերը անընդհատ ախտահանվել են հատուկ ախտահանիչ նյութերով։ Արդյունքում ճամբարի վերջում թեստավորելով հիվանդներին և կոնտակտավորներին` պարզ դարձավ, որ ոչ մեկը 8 օրերի ընթացքում չի վարակվել COVID-19-ով, ընդհակառակը 4 հիվանդներից 3-ը առողջացել են, իսկ մի հոգին առողջացել է ճամբարից 2 օր հետո։

Աշնանային Վիքիճամբարի կրթական հատվածն այս անգամ բավականին հարուստ էր։ Ճամբարականներին առաջարկվել էին ցանկեր, որտեղից կարող էին ընտրել հոդվածներ։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուրը կարող էր ստեղծել և բարելավել իր հետաքրքրությունների շրջանակներում հոդվածներ։

Ընթացիկ դեպքերին զուգահեռ, որոշում էր կայացվել զարգացնել արցախյան թեմատիկան Հայերեն Վիքիպեդիայում։ Հաշվի առնելով մասնակիցների տարիքը՝ առանձնացվել էին թեմաներ Արցախի Հանրապետության հուշարձանների, բնակավայրերի, կամուրջների վերաբերյալ, որոնք բացակայում էին Հայերեն Վիքիպեդիայում կամ բարելավման կարիք ունեին։ Ընդհանուր առմամբ արցախյան թեմատիկային է հատկացվել ճամբարական երկու օր, որի ընթացքում մասնակիցները, օգտվելով նախապես տեսածրված գրքից («ԼՂՀ պատմաճարտարապետական հուշարձաններ») և մեկ տասնյակից ավելի հոդվածներից, ստեղծել և բարելավել են բազմաթիվ հոդվածներ։

Որոշ մասնակիցների համար սա յուրահատուկ փորձ էր, քանի որ շատերը մշտապես թարգմանել են հոդվածներ այլալեզու Վիքիպեդիաներից։ Այս փորձի շնորհիվ մասնակիցները իրականում պատկերացրին ու խորապես հասկացան Վիքիպեդիայի հոդվածների կառուցվածքը և բնույթը։ Ընդհանուր առմամբ, երկու օրերի ընթացքում ճամբարի մասնակիցները ստեղծել են և բարելավել շուրջ 40 հոդված՝ նվիրված Արցախի թեմատիկային։

Ճամբարի մշակութային հատվածում կազմակերպվել են ինտելեկտուալ, սպորտային և մշակութային միջոցառումներ։ Առցանց հանդիպում ենք ունեցել արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ, ով ներկայացրել է տարածաշրջանին վերաբերող աշխարհաքաղաքական հարցեր։ Ճամբարականների համար կազմակերպվել են պատերազմի հոգեբանության և մեդիագրագիտության թեմաներով սեմինար-դասընթացներ։ Ավանդական երգի դասն այս անգամ նվիրված էր հայրենասիրական երգերին․ մասնակիցները պատրաստել են տեսահոլովակներ, խաղացել բրեյն ռինգ, սպորտլանդիա, Ֆորտ Վիքի, զբաղվել են ձեռագործով։ Վերջում կազմակերպվել է խարույկ, կիթառով երգերի երեկո։

Վիքիթիմ 1+3

2020 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում երկրորդ անգամ կազմակերպվել է «Վիքիթիմ 1+3» նախագիծը, որի նպատակն է մեծացնել հետաքրքրքությունը Վիքի նախագծերի հանդեպ, Վիքիպեդիայի խմբագրական գործընթացին նոր մասնակիցներ ներգրավել, փորձառու խմբագիրների միջոցով էլ ավելի բարձրացնել խմբագիրների ակտիվությունը, ստեղծել որակյալ հոդվածներ և Վիքիխմբագիրների շրջանում ձևավորել խմբային աշխատանքի մշակույթ։

Նախագիծն իրականացվում է հետևյալ սկզբունքով՝ ձևավորվում է չորս հոգանոց խումբ, որոնցից մեկը խմբի ավագն է։ Խմբի անդամները կարող են լինել ինչպես փորձառու, այնպես էլ նորեկ։ Նորեկների ներգրավումը խմբում համարվում է առավելություն։ Խմբի ավագը սովորեցնում է խմբի նորեկ մասնակիցներին հոդվածներ ստեղծել, հետևել հոդվածների որակին։ Խումբը միասնական աշխատանքի շնորհիվ ստեղծում է հոդվածներ։

Վիքիթիմ նախագիծը բաժանված է չորս փուլի, յուրաքանչյուր փուլը տևում է չորս օր։ Յուրաքանչյուր փուլի առաջին երեք օրը խմբի անդամները աշխատում են ավազարկղում, իսկ չորրորդ օրը նվիրում են հոդվածների ստուգմանն ու հրապարակմանը։

Նախագծի շրջանակներում ձևավորվել է 19 թիմ, ընդհանուր առմամբ մասնակցել է 45 հոգի, որից 15-ը նորեկ խմբագիրներ են։ Նախագծի 16 օրերի ընթացքում ստեղծվել է 1,276,063 ծավալով 57 հոդված։

Վիքիպեդիայի առցանց դասընթացի ամփոփում

Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է Վիքիդասընթացներ ինչպես հատուկ մասնագիտական խմբերի համար, այնպես էլ Վիքիդասընթացներ առանց սահմանափակումների: Դասընթացների նպատակն է ծանոթացնել մասնակիցներին Վիքիպեդիային և Վիքիմեդիայի մյուս նախագծերին, տարածել ազատ գիտելիքի գաղափարը, տարբեր Վիքիհարթակների միջոցով մասնակիցներին փոխանցել նորարարական կրթության հնարավորությունները։

2020 թվականի հուլիսի 15-ին մեկնարկել է «Վիքիպեդիայի առցանց դասընթացները»։ Դասընթացներին մասնակցությունը եղել է առանց տարիքային և մասնագիտական սահմանափակումների: Ընթացել է երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցները մարզիչների օգնությամբ սովորել են խմբագրել Վիքիպեդիայում, ծանոթացել Վիքիպեդիայի գործիքակազմին։ Վիքիմարզիչների հետ դասընթացը տևել է երկուսից չորս շաբաթ, որից հետո մասնակիցները շարունակել են խմբագրել Վիքիպեդիայում մեկ ամիս շարունակ։

Առաջին փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները անցել են երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում մասնակիցները ծանոթացել են այլ Վիքինախագծերին, խորապես ուսումնասիրել և ներդրումներ են կատարել Վիքիտվյալներում։ Միաժամանակ ակտիվորեն շարունակել են ներդրումներ ունենալ Վիքիպեդիայում։

Առցանց Վիքիդասընթացների շրջանակներում խմբագրական աշխատանքները շարունակվել են մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո վիճակագրության համաձայն ընտրվել են լավագույն ակտիվ խմբագիրները:

Առցանց Վիքիդասընթացներին մասնակցել է 124 մասնակից և 10 մարզիչ։ 113 մասնակից անցել է երկրորդ փուլ:

Վիքիպեդիայի առցանց դասընթաց Վիճակագրություն
Մասնակիցներ 124
Երկրորդ փուլ անցածներ 113
Բայթեր 8 601 318
Հոդվածներ 914

Խմբագրաթոն՝ նվիրված ուսուցչի օրվան

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը, Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպել է խմբագրաթոն՝ նվիրված ուսուցչի օրվան։ Հոկտեմբերի 5-ը աշխարհում նշվում է որպես ուսուցչի օր։ Վիքիմեդիա Հայաստանը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում՝ ուսուցիչների համար կազմակերպելով Վիքիպեդիայի դասընթացներ, նոր հնարավորություններ ստեղծելով ուսուցիչների համար և տալով նրանց գործիք՝ օգտագործելու նորարարական կրթության մեջ։ Ուսուցիչները հայկական վիքի համայնքի կարևոր բաղադրիչն են, ուստի նրանց օրվան նվիրված խմբագրաթոնը կարևոր նշանակություն ունի։

Խմբագրաթոնի թեման ուսուցիչներն էին՝ ինչպես հայ, այնպես էլ օտարազգի։ Խմբագրաթոնին մասնակցել է 22 հոգի՝ գրելով 70 հոդված, որոնցից 26-ը կին ուսուցիչների մասին է։

Թեմատիկ հանդիպում

Հոկտեմբերի 30-ին առցանց ձևաչափով տեղի ունեցավ հանդիպում-քննարկում արևելագետ-թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ, ով վիքիճամբարի մասնակիցներին և վիքիհամայնքի այլ ներկայացուցիչներին ներկայացրեց տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, ռազմաքաղաքական խնդիրները, խաղաղության հաստատմանն ուղղված ցանկալի քայլերը։

Հանդիպումը Վիքիմեդիա Հայաստանի թեմատիկ հանդիպումների շարքից հերթականն էր, որը միտված էր աջակցել Վիքիպեդիայի խմբագիրներին տարածաշրջանային թեմաներով հոդվածներ գրելու գործում։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ լսեցին բանախոսին և բազմաթիվ հարցեր ուղղեցին նրան։

Առցանց հանդիպումներ սկսնակ խմբագիրների հետ

Հոկտեմբեր ամսին բազմաթիվ հայեր Հայաստանից և այլ երկրներից Վիքիմեդիա Հայաստանին են դիմել՝ հայտնելով, որ ցանկանում են խմբագրել հայ-ադրբեջանական հակամարտության, Արցախի պատմության, հուշարձանների վերաբերյալ հոդվածներ, սակայն հանդիպում են որոշակի խնդիրների։

Բազմաթիվ խմբերի և անհատների հետ առցանց հանդիպումներ ենք կազմակերպել, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացրել ենք խմբագրական գործիքները, Վիքիպեդիայի կանոնակարգերը, որպեսզի հոդվածները լինեն անաչառ, հանրագիտարանային ոճով և վիքիֆիկացված։ Նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են կրելու։

Շաբաթօրյա վորքշոփներ

Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Վիքիմեդիա Հայաստանը շաբաթօրյա վորքշոփները անցկացվում են առցանց ձևաչափով։

Հոկտեմբեր ամսին անց են կացվել վորքշոփներ նախապես պլանավորած թեմաներով։ Այս անգամ վորքշոփները վարել են նաև «Ուսուցիչների առցանց դասընթացներն» հաջողությամբ ավարտած մասնակիցները։

Վորքշոփներին միաժամանակ մասնակցել են և՛ փորձառու խմբագիրներ և՛ նորեկներ։ Օրվա թեմայի ավարտից հետո հարց-պատասխան տարբերակով քննարկվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերը՝ ինչպես թեմայի շրջանակներում, այնպես էլ թեմայից դուրս։

Վիքիակումբների հաշվետվություն

Հոկտեմբեր ամսին վիքիակումբները, պահպանելով համաճարակային կանոնները, շարունակել են իրենց աշխատանքը ինչպես օֆլայն, այնպես էլ օնլայն։ Արցախում գործող երեք ակումբները պայմանավորված Ադրբեջանի Հանրապետության կողմից հրահրած պատերազմով իրենց աշխատանքները փորձել են իրականացնել օնլայն եղանակով։ Ակումբականները ամսվա ընթացքում ակտիվ ներգրավված են եղել տարբեր նախագծերում, որոնցից պետք է առանձնացնել «ՎիքիԹիմ 1+3» մրցույթը և «Աշնանային Վիքիճամբար 2020»-ը, որին մասնակցել են Արցախի ակումբների 4 ներկայացուցիչ, իսկ ակումբներից ընդհանուր 34 մասնակից։ Ակումբներից շատերը ամսվա ընթացքում իրականացրել են տարբեր հետաքրքիր, օգտակար և ուսոցողական ծրագրեր և հանդիպումներ։

Հացիկի վիքիակումբում հոկտեմբերի 7-ին անցկացվել է հանդիպում ԱԻՆ Գյումրու հրշեջ փրկարարական դասակի հրամանատար կապիտան Սարգիս Թորոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում երեխաները հանգամանալից տեղեկություններ են ստացել օդային տագնապի մասին։ Հանդիպումն անցել է շատ բովանդակալից և հետաքրքիր։

Դդմաշենի վիքիակումբում հոկտեմբերի 13-ից 15-ը իրականացվել է խմբագրաթոն զենքերի մասին և մասնակիցները ստեղծել են մի քանի հոդվածներ՝ Կասետային ռումբ, Ֆոսֆորային զինամթերք, Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր և այլն։ Ալավերդու վիքիակումբում ամսվա վերջում կազմակերպվել է ավանդական ամփոփիչ վորքշոփը, որի ժամանակ քննարկվել է նախորդ ամսվա ընթացքում կատարած աշխատանքները և պլանավորվել է հետագա անելիքները։ Ամսվա լավագույն հոդվածներ են ընտրվել՝ Պոգոնոֆոբիա, Պաուլինա Մուստերս, Կարլստադ։

Ամսվա ընթացքում ակումբները մասնակցել են տարբեր արշավների և հումանիտար աջակցության միջոցառումների՝ փորձելով իրենց ներդրումն ունենալ թե՛ զինվորների և թե՛ Արցախի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու գործում։

Ակումբները ստեղծված իրավիճակում կարողացել են ցուցաբերել բավականին լավ արդյունք։ Վիքիդարանում կատարվել է ավելի քանի 200 000 բայթի ներդրում, իսկ Վիքիպեդիայում ամսվա ընթացքում կատարվել է 4904 խմբագրում, ստեղծվել է 887 նոր հոդված՝ ընդհանուր 13 477 433 հազար բայթի ծավալով։

Վիքիակումբների վիճակագրություն

Վիքիակումբ Մասնակիցներ Բնակչություն Բայթեր+ (պ) Հոդվածներ (Վիքիպեդիա) Բայթեր+ (բ) Հոդվածներ (Վիքիբառարան) Բայթեր+ (դ) Ստեղծված (Վիքիդարան) Սրբագրված (դ) Հաստատված (դ)
Ալավերդի 35 13000 2291323 188 0 0 0 0 0 0
Արևածագ 67 960 385070 46 0 0 3415 1 1 0
Գյումրի (Խրիմյան Հայրիկ 46) 32 121976 274129 6 0 0 0 0 0 0
Գորիս 28 20300 298324 38 0 0 9091 3 0 0
Դդմաշեն 25 2876 2541850 121 0 0 84756 36 39 44
Լեռնապատ 82 2279 1372836 99 0 0 96262 18 38 3
Կողբ 35 5300 766207 36 8081 16 1269 0 3 0
Հացիկ 22 1044 895236 72 0 0 0 0 0 0
Սպիտակ 43 13000 51225 3 0 0 0 0 0 0
Ստեփանակերտ 22 55200 704147 57 0 0 0 0 0 0
Քարվաճառ 25 500 735110 56 0 0 0 0 0 0
Արճիս 11 1109 354486 36 0 0 0 0 0 0
Բերդ 25 7800 0 0 0 0 5204 0 19 0
Գանձաքար 6 3656 17817 2 0 0 0 0 0 0
Գոշ 14 1218 75900 6 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (2-րդ դպրոց) 15 5000 84377 7 0 0 0 0 0 0
Նոյեմբերյան (ավագ դպրոց) 16 5000 649163 56 0 0 0 0 0 0
Վերին Կարմիրաղբյուր 8 1837 151153 5 0 0 0 0 0 0
Կիրանց 12 298 1497 0 0 0 12890 5 4 0
Մրգավան 61 1725 1810802 52 0 0 0 0 0 0
Վանաշեն 49 2573 6260 1 0 0 0 0 0 0
Վարդենիկ 68 9880 10531 0 4281 7 0 0 0 0
Ընդամենը 847 403458 13477443 887 12362 23 212887 63 104 47