2023
Նոյեմբեր
Նոյեմբեր ամսվա
տվյալներ
- style="text-align:center;"

Նախընտրելի թեմաներ, փուլ 2

Հոկտեմբերից «Վիքիմեդիա Հայաստանը» հատուկ վիքիակումբների համար սկսել է նոր բազմափուլ նախագիծ, որը կոչվում է «Նախընտրելի թեմաներ»։ Ակումբների անդամները նախագծի շրջանակներում այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Նախագծի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այդ թեմաներն ընտրել են հենց իրենք՝ ակումբականները։ Ամռան ամիսներին «Վիքիմեդիա Հայաստանը» ակումբականների շրջանում կազմակերպեց հարցում, որով էլ որոշվեցին այն 10 թեմաները, որոնց շրջանակներում էլ ստեղծվում են հոդվածները։ Ընդ որում՝ թեմաների շրջանակը կարող է ընդլայնվել, քանի որ ակումբականները նախագծի քննարկման էջում կարող են առաջարկել նորերը։ Նախագիծը մրցութային է․ հաղթողը ստանում է «Վիքիմեդիա Հայաստանի» սահմանած նվերը և հավաստագիր, ևս 4 մասնակիցներ ստանում են հավաստագրեր։ Նոյեմբերի 1-30-ին կայացել է մրցույթի 2-րդ փուլը, որի ընթացքում 31 ակումբականներ ստեղծել են 2․987․345 բայթ ծավալով 175 հոդված հետևյալ թեմաներով․

  • Աշխարհագրական օբյեկտներ (քաղաքներ, ծովեր, ջրվեժներ, լեռներ, դեպարտամենտներ)
  • Կինոնկարներ
  • Մուլտֆիլմեր
  • Կինոդերասաններ
  • Ֆուտբոլիստներ, ֆուտբոլային ակումբներ
  • Նկարիչներ
  • Երգիչներ, խմբեր
  • Երգեր, ալբոմներ
  • Եզրույթներ (տերմիններ)
  • Հետաքրքրաշարժ հոդվածներ

Նախագծի մեկնարկից երկու ամսում ընդամենը ստեղծվել է 5․703․891 բայթ ծավալով 330 հոդված։ Նախագծի 3-րդ փուլը կայանում է դեկտեմբերին։

- style="text-align:center;" Վիքիակումբներ

Գործունեություն ծավալող 7 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի) 2023 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 150 անդամ։ Ակումբականները շարունակել են Հայերեն Վիքիպեդիա տեղափոխել և վիքիֆիկացնել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Գյուղատնտեսական հանրագիտարանի»  («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2015 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև համապատասխան էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում նոյեմբերին ստեղծվել է 117.485 բայթ ընդհանուր ծավալով 39 հոդված։ Նախագշի մեկնարկից ընդամենը գրվել է 776․682 բայթ ծավալով 309 հոդված։ Նախագիծը շարունակվում է նաև դեկտեմբերին։ Նոյեմբերին շարունակվել է հատուկ վիքիակումբների համար ստեղծված «Նախընտրելի թեմաներ» բազմափուլ նախագիծը, որի ընթացքում ակումբականներն այլ լեզուներով Վիքիպեդիաներից հայերեն են թարգմանում տարբեր թեմաներով հոդվածներ։ Ընդ որում՝ այդ թեմաները հարցման միջոցով որոշել են հենց իրենք՝ ակումբների անդամները։ 2-րդ փուլում ստեղծվել է 2․987․345 բայթ ծավալով 175 հոդված։

Վիքիխմբագրումներ նոյեմբերին

Ընդամենը նոյեմբերին վիքիակումբների 150 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 72-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 317 հոդված և կատարել 1436 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 4.266.838 բայթ։

Նոյեմբերին ակումբականներից 60-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 389 խմբագրում։

Այլ միջոցառումներ

Խմբագրելուց բացի, վիքիակումբներում տեղի են ունեցել նաև այլ միջոցառումներ։

  • Կիրանցի ակումբում ամսվա ընթացքում խմբագրումներին զուգահեռ զրույցներ են տեղի ունեցել գյուղի պատմության, կենցաղի, բարբառի մասին։ Խոսվել է նաև անվանի կիրանցեցիների մասին, որոնցից մեկին՝ Ռուբեն Սիմոնյանին նվիրված հոդվածը ստեղծել է ակումբի անդամներից մեկը։
  • Ամսվա առաջին կիրակի օրը Հացիկի վիքիակումբում ամփոփվել են հոկտեմբերի արդյունքները․ լավագույն խմբագիրները ստացել են շնորհակալագրեր։ Առանձնացվել են խմբագիրներից երկուսը՝ ըստ թարգմանությունների քանակի և որակի, ինչպես նաև ըստ հայերեն աղբյուրներից արված խմբագրումների քանակի և որակի։ Ակումբում կրկին հյուրընկալվել է Հացիկի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Բաղդասարյանը։ Հերթական թեման Հայաստանի ազգային հերոսներից մեկն էր, նրա կյանքն ու գործունեությունը։ Ակումբականները դիտել են փոքրիկ տեսաֆիլմ, ապա խմբագիրները թիմային աշխատանքով ստեղծել են հերոսի ծննդավայրի մասին պատմող հոդվածը։
  • «Կողբ» հիմնադրամը Կողբի վիքիակումբի ևս մեկ անդամի տրամադրել է կրթաթոշակ։ Նա «Նախընտրելի թեմաներ» նախագծի շրջանակներում արժանացել էր հավաստագրի։ Նույն ակումբականը ամսվա ընթացքում կատարել է ամենաշատ խմբագրումները և արժանացել պատվոգրի։ Ակումբի ևս մեկ անդամ արժանացել է պատվոգրի որպես ամենափոքրիկ, սակայն մեծ պատասխանատվությամբ ու ակտիվորեն խմբագրող մասնակից։
  • Նոյեմբերի 28-ին Լեռնապատի ակումբի ակտիվ մասնակիցները գնացել են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ դիտելու Շիրվանզադեի «Արտիստը» ներկայացումը։

«Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի գնահատում

Նոյեմբերին ավարտվեց «Վիքին սիրում է հուշարձաններ» լուսանկարչական մրցույթի հայկական հատվածի հաղթող 10 լուսանկարների ընտրությունը։ Գնահատմանը մասնակցեցին մրցատյանի ութ անդամներ՝ լուսանկարիչներ, Վիքիպահեստի լուսանկարչական համայնքի փորձառու մասնակիցներ։ Մրցատյանի անդամներից վեցը Հայաստանից էին, մեկը՝ Ֆրանսիայից, մեկը՝ Ֆիլիպիններից։

Գնահատումն անցավ երեք փուլով, նախնական փուլում ընտրվեցին 24 մասնակցի 104 լուսանկարներ, հաջորդ երկու փուլում որոշվեցին հաղթող 10 լուսանկարները։

Վիքիպահեստում ՎՍՀ մրցույթի հաղթող լուսանկարների էջում տասը լուսանկարները տեղադրվել են պատահական դասավորվածությամբ։ Հաղթող լուսանկարները ըստ տեղերի կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը՝ հունվարի 15-ին։

Գալուստ Գյուլբենկյանի և Անատոլ Ֆրանսի անվան դպրոցների այց «Վիքիմեդիա Հայաստան»

Նոյեմբերի 15-ին և 16-ին «Վիքիմեդիա Հայաստանն» իր գրասենյակում հյուրընկալեց Գալուստ Գյուլբենկյանի և Անատոլ Ֆրանսի անվան դպրոցների ավագ դասարանների աշակերտներին։ Նրանք ծանոթացան Վիքիպեդիայի և քույր վիքինախագծերի ստեղծման պատմությանը, վիքինախագծերում խմբագրական աշխատանքի սկզբունքներին։ Աշակերտները դպրոցում շարունակելու են Վիքիպեդիայի դասընթացը և խմբագրելու են հայերեն Վիքիպեդիայում իրենց մանկավարժների ղեկավարությամբ, որոնք փորձված վիքիխմբագիրներ են։

Վիքիհայ մրցույթի ամփոփում

Նոյեմբերի 29-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի ունեցավ «Հայկական թեմատիկայով վիքիարշավի» մրցանակաբաշխությունը։ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի 32 խմբագիր մեկ ամսում ստեղծել է հայերեն 769 նոր հոդված: 5 խմբագիրներ պարգևատրվեցին «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից, իսկ 2-ին շնորհվեցին խրախուսական հավաստագրեր։ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթն իրականացնում են «Վիքիմեդիա Հայաստանը» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունները։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի RippleFlow նախագիծ

Նոյեմբերի 22-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի ընթերցասրահում կայացավ հանդիպում կրթահամալիրի ղեկավարների, Հետազոտական վարժարանի դասավանդողների և սովորողների հանդիպումը «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ի անդամների և աշխատակիցների հետ։ Հանդիպումը նվիրված էր վարժարանի սովորողների նախաձեռնությամբ և «Վիքիմեդիա Հայաստանի» օժանդակությամբ կայացող RippleFlow նախագծին, որի ընթացքում վարժարանի սովորողները հոդվածներ են ստեղծում Հայերեն Վիքիպեդիայում։

Նախքան այդ հանդիպումը նախագծի նախաձեռնողներն այցելել էին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ՝ ծանոթանալու Վիքիպեդիայում նախագիծ կազմակերպելու և համակարգելու հմտություններին, ստեղծելու համապատասխան աշխատանքային էջերը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացած հանդիպման ժամանակ նախագծի մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, հոդվածագիրները մանրամասն խոսել են ստեղծած հոդվածների մասին։

Այնուհետև համառոտ խոսք են ասել «Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչները, ծավալվել է կարծիքների փոխանակում, տեղի է ունեցել առաջարկների քննարկում։ Նախագծի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվել է 12 թարգմանական հոդված, նախագիծը լինելու է շարունակական։ Նախաձեռնողները նպատակադրվել են ներգրավելու նոր մասնակիցների։

Համագործակցություն Հայաստանի ազգային գրադարանի հետ

«Վիքիմեդիա Հայաստանը» և Հայաստանի ազգային գրադարանը նոյեմբերին սկսեցին համագործակցություն։

Նպատակը՝ առանձին հոդվածներով ներկայացնել խոշոր ազգային, ակադեմիական գրադարանները, ինչպես նաև մարզային բոլոր գրադարանները, հայ գրքի պատմությանը, գրադարանային գործին և ընթերցանությանը վերաբերող նյութեր ավելացնել Հայերեն Վիքիպեդիայում։

Ազգային գրադարանի և «Վիքիմեդիա Հայաստանի» համագործակցությունը սկսվեց Հայաստանի ազգային գրադարանում, ապա շարունակվեց «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց դասընթացների շարքով, որի ժամանակ Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցները և գրադարանավարները ծանոթացան Վիքիպեդիայում խմբագրելու հմտություններին, սովորեցին հոդվածներ ստեղծել և խմբագրել: Դասընթացի ժամանակ և դրանից հետո ստեղծվեցին նոր հոդվածներ և բարելավվեցին եղածները։ Համագործակցությունը շարունակվում է։

Համագործակցություն Մաշտոցի անվան համալսարանի հետ

Նոյեմբերի 28-ին «Վիքիմեդիա Հայաստանի» թիմն այցելեց Մաշտոցի անվան համալսարան։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կողմերի միջև ստորագրվեց հուշագիր, որով Մաշտոցի անվան համալսարանի ուսանողների մի մասն իրենց պրակտիկան պետք է անցնի «Վիքիմեդիա Հայաստանում»՝ Հայերեն Վիքիպեդիայում խմբագրելով։ «Վիքիմեդիա Հայաստանն» էլ հանձն առավ ապահովել խմբագրման հմտությունների ուսուցման և պրակտիկայի ընթացքը։ Դրանից հետո կայացավ ավելի քան 60 ուսանողների և «Վիքիմեդիա Հայաստանի» թիմի հանդիպումը։ Ուսանողներին ներկայացվեցին վիքիշարժումը, քույր վիքինախագծերը, ՎՄՀ-ի գործունեությունն ու ծրագրերը։ Հանդիպման ընթացքում ուսանողները հնչեցրին հարցեր, որոնց պատասխանեցին ՎՄՀ ներկայացուցիչները։