Հաշվետվություն/2023-02
Բրյուսովի անվան պետական համալսարանի պրակտիկա Վիքիմեդիա Հայաստանում
Փետրվարի 9-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում իրենց պրակտիկան սկսեցին անցկացնել Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Թարգմանություն և միջմշակութային հաղորդակցության և Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետների 4-րդ կուրսի և մագիստրատուրայի ուսանողները։
Պրակտիկայի առաջին փուլում, գրասենյակում անցկացված դասընթացի ժամանակ, ուսանողները գրանցվել են Վիքիպեդիայում, ծանոթացել են Վիքիպեդիայի պատմությանը, հինգ սյուներին, հիմնական կանոններին ու կանոնակարգերին, ինչպես նաև սովորել են խմբագրել ու հոդվածներ ստեղծել Վիքիպեդիայում։
Դասընթացը կայացել է փետրվարի 9-24-ին։ Մասնակից 52 ուսանողները բաժանվել են 4 խմբի, որոնցից յուրաքանչյուրը մասնակցել է 2 ժամ տևողությամբ 5 դասի։ Ձեռք բերած հմտությունների շնորհիվ ուսանողները դասերի ընթացքում սկսել են գրել թարգմանական հոդվածներ։ Ընդամենը փետրվարին հոդված են ստեղծել 26 ուսանողներ, որոնք գրել են 2196616 բայթ ծավալով 59 հոդված։ Մասնակիցների մյուս մասն աշխատել է ավազարկղերում, հոդվածները կհրապարակվեն մարտին։
Ուսանողների հետ հանդիպումները, որոնց ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի աշխատակիցները պատասխանում են հետաքրքրող հարցերին, անում են շտկումներ ստեղծված հոդվածներում, շարունակվելու են մինչև պրակտիկայի ավարտը՝ մարտի 17-ը։
Ճանաչողական հանդիպում Ամերիկյան Համալսարանում
Մարտի 2-ին Վիքիմեդիա Հայաստանի աշխատակից Մհեր Բեքարյանը Ամերիկյան Համալսարանի մի խումբ ուսանողների հետ ճանաչողական հանդիպում անցկացրեց, որի ժամանակ ներկաներին ծանոթացրեց Վիքիպեդիայի, քույր նախագծերի խմբագրման գործիքներին, Վիքիշարժման պատմությանն ու նպատակներին։ Հետաքրքրված ուսանողները որոշեցին հոդվածներ ստեղծել իրենց մասնագիտական թեմաներով։ Առաջիկա ամսում նրանք կաշխատեն Հայերեն Վիքիպեդիայի իրենց ավազարկղերում և մեկ ամսից Վիքիմեդիա Հայաաստանի աշխատակիցների օգնությամբ հոդվածները կվիքիֆիկացնեն և կտեղափոխեն Վիքիպեդիայի հիմնական տարածք։
Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
Մարտի 1-ին Վիքիմեդիա Հայաստանի աշխատակազմը մեկնեց Իջևան քաղաք։ Այնտեղ՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կազմակերպվեց աշխատարան մասնաճյուղի 15 ուսանողների համար։ Նրանցից 7-ը պատմության ֆակուլտետից էին, իսկ 8-ը հայ գրականության ֆակուլտետից։ Ուսանողները ներկացացրին իրենց խմբագրած հոդվածներն ու համատեղ վերացրին թերությունները։ Այնուհետև ՎՄՀ աշխատակազմը հանդիպում ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի և փոխտնօրենի հետ։ Ձեռք բերվեցին համաձայնություններ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու մասով։
Ուսանողները համագործակցության առաջին 20 օրերի առցանց 7 դասերի ընթացքում ծանոթացել են վիքիխմբագրման գործիքներին, ընտրել հոդվածներ ըստ մասնագիտության և սկսել են հոդվածներ ստեղծել կամ բարելավել Հայերեն Վիքիպեդիայի իրենց ավազարկղերում։ Փետրվար ամսին հրապարակել են 225,000 բայթ ծավալով բարելավված 7 և նոր 11 հոդված։ Համագործակցությունը շարունակվում է նաև մարտին։
Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների ճանաչողական այցը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ
Փետրվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ այցելեց Գազպրոմ Արմենիայի Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների խումբը։ Վեց դպրոցականներին և նրանց երկու ղեկավարներին ներկայացվեցին Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած և նախատեսվող միջոցառումները, ներկայացվեցին Վիքիպեդիայի պատմությունը, կարևոր կանոններն ու կանոնակարգերը։ Վերջում ներկաները գրանցվեցին Վիքիպեդիայում, նրանց ցուցադրվեցին հոդվածների կառուցվածքը, խմբագրելու հիմնական գործիքները, նոր հոդված ստեղծելու ձևերը։
Վիքիակումբների հաշվետվություն
Գործունեություն ծավալող 6 վիքիակումբներում (Գորիսի, Դդմաշենի, Լեռնապատի, Կողբի, Հացիկի, Ստեփանակերտի) փետրվարի 28-ի դրությամբ գրանցված է 96 անդամ։ 2023 թվականի փետրվարիին Վիքիակումբների անդամները շարունակել են մասնակցել երաժշտական նախագծին, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիա են տեղափոխել և վիքիֆիկացրել Creative Commons BY-SA 3.0 թույլատրագրով թողարկված «Հայ երաժշտության հանրագիտարանի» («Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2019 թ․) նյութերը։ Ակումբների անդամները ստեղծել են նաև ստեղծված էջերի բացակայող տարրերը Վիքիտվյալներ նախագծում, կամ ստեղծված հոդվածները կապել են արդեն գոյություն ունեցող տարրերի հետ։ Այս նախագծի շրջանակներում փետրվարին ընդհանուր առմամբ ստեղծվել է 920440 բայթ ընդհանուր ծավալով 208 հոդված։ Ամբողջ նախագծի ընթացքում (հունվարի 15 - փետրվարի 28) ստեղծվել է 1846869 բայթ ընդհանուր ծավալով 429 հոդված։ Ընդամենը փետրվարին վիքիակումբների 96 անդամներից Վիքիպեդիայում խմբագրել են 52-ը։ Նրանք ստեղծել են 289 հոդված և կատարել 1328 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 1698779 բայթ։ Վիքիակումբների մասնակիցներից 11-ը խմբագրել են Վիքիդարանում, որտեղ ընդհանուր առմամբ կատարել են 37 խմբագրում՝ ստեղծելով 7 էջ, սրբագրելով 6 էջ։ Նրանց ներդրումներն ըստ ծավալի՝ 21695 բայթ։