2019
Օգոստոս

Ամառային երկրորդ Վիքիճամբար

Այս տարի ամռանը Վիքիմեդիա Հայաստանը նախատեսել էր երկու Վիքիճամբար, որոնց մասնակցության համար, ինչպես արդեն նշել էինք, կազմակերպությունը ստացել էր ավելի քան 300 հայտ։ Երկրորդ Վիքիճամբարը, որը նախատեսված էր 15-19 տարեկան պատանիների համար, անց է կացվել ս․թ․ օգոստոսի 2-11-ը Ծաղկաձորում։

Վիքիմեդիա նախագծերում մասնակիցների խմբագրման գործընթացը կազմակերպում էր 11 փորձառու վիքիխմբագրերից բաղկացած Վիքիթիմը։ Չնայած նրան, որ Երկրորդ վիքիճամբարի բոլոր մասնակիցներն իրենց հայտերում նշել էին, որ կարող են խմբագրել Վիքիմեդիա երեք նախագծերում՝ Վիքիպեդիայում, Վիքիդարանում և Վիքիբառարանում, պատանիների ճնշող մասը Վիքիճամբարում բարելավում էին Հայերեն Վիքիպեդիան։

Ամառային երկրորդ Վիքիճամբարը նաև նշանավոր էր նրանով, որ ընդգրկում էր մասնակիցներ ինչպես Հայաստանից և Արցախից, այնպես էլ Վրաստանից և Իտալիայից՝ դրանով իսկ ճամբարը դարձնելով նաև փոքր-ինչ միջազգային։

Հայերեն Վիքիպեդիայի աշխատանքի հիմնական սկզբունքները հասկանալու և ճամբարականներին վիքիգրագիտություն սովորեցնելու նպատակով Վիքիմեդիա Հայաստանի թիմը պատրաստել էր վիքիխաղեր՝ հիմնվելով նախկինում առավել շատ հանդիպող սխալների վրա: Ստորև ներկայացված են Ամառային երկրորդ վիքիճամբարի վիքիխաղերը․

  • Հայերեն Վիքիպեդիայի ազատ և ոչ ազատ պատկերների կանոնակարգ, Վիքիպահեստ բեռնվելիք լուսանկարների չափանիշներ,
  • Ծանոթագրությունների ճիշտ տեղադրում,
  • Կետադրական նշանների ճիշտ տեղադրում,
  • Տեքստի՝ հանրագիտարանային ոճի ձևափոխում,
  • Վիքիպեդիայի հոդվածի կառուցվածք,
  • Ներքին հղումների տեղադրում,
  • Հայերենում տարածված սխալների ուղղում։

Վիքիճամբարում իր ուրույն տեղն ուներ նաև ոչ վիքիական կյանքը, որը ներառում էր բազմաբնույթ հետաքրքիր և ժամանցային միջոցառումներ և խաղեր։ Ճամբարի օրերին երեխաներին էր հյուրընկալվել ճամբարականների կողմից շա՜տ սիրված երգի ուսուցչուհի Անուշիկ Ստեփանյանը, որը մասնակիցներին սովորեցրեց ինչպես հայկական, այնպես էլ իտալական և վրացական երգեր։ Այդ երգերը երեխաները նվիրեցին վրացի և իտալացի մասնակիցներին, ինչը հուզել էր արտասահմանցի մասնակիցներին։

Վրացի ճամբարական Մարիամ Կվարցխավան կիսվում է իր տպավորություններով․

«Վիքիճամբարում անցկացրած 10 օրերն ընդգրկվել են իմ կյանքի ամենակարևոր իրադարձությունների ցանկում։ Ես ուրախ եմ, որ այնպիսի նոր ընկերներ եմ ձեռք բերել, որոնք ի հարգանք մեզ, նույնիսկ վրացերեն էին երգում։ Դժվար է երգել այն, ինչ չես հասկանում, սակայն հայ մասնակիցների համառությունն ու վրացական երգի ըմբռնումն ուղղակի հիանալի էր։ Ինչպես ասում են՝ երաժշտությունը միավորում է մարդկանց, ինչը և ապացուցվեց ինձ համար հայ-վրացական երգերով։ Հարմարավետ միջավայր, շատ նոր ընկերներ, անգնահատելի փորձ և հայոց լեզու․ սա ամենաքիչն է այն բանից, որը դուք կյուրացնեք և ձեռք կբերեք գոնե մեկ անգամ մասնակցելով Վիքիճամբարին»։

Վիքիճամբարականներին հյուրընկալվել էին նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչները, որոնք ներկաներին սովորեցրին ֆինանսական գրագիտություն, ինչպես նաև քննարկեցին ոլորտին առնչվող զանազան թեմաներ։ Ճամբարի մյուս հիշարժան միջոցառումներից էր նաև ՀՀ ՊՆ Հատուկ նշանակության N զորամասի զինծառայողների այցելությունը, որի ընթացքում պատանիները գործնականում սովորեցին ինքնապաշտպանության և ձեռնամարտի առանձին հնարքներ։

Անուշիկ Ստեփանյանի օգնությամբ ճամբարականները նաև նախապատրաստեցին փոքրիկ թատերական հետաքրքիր և զվարճալի ներկայացումներ, որոնք բեմադրեցին Վիքիճամբարի փակման օրը։

Ամառային Վիքիճամբար (Օգոստոսի 2-11)
Մասնակիցների քանակ Վիքիպեդիա
մասնակիցներ 57
ստեղծված/բարելավված

հոդվածներ

884/37
խմբագրումներ 2900
բայթեր (ընդհանուր) 8300000

Վիքիպեդիան խաղաղության համար։ Մենք կարո՜ղ ենք [խմբագրել]։

Վիքիպեդիան խաղաղության համար։ Մենք կարո՜ղ ենք [խմբագրել]։ միջոցառման խմբագրման վորքշոփ

Վիքիպեդիան խաղաղության համար։ Մենք կարո՜ղ ենք [խմբագրել] ճամբարը Վիքիպեդիան խաղաղության համար ծրագրի միջոցառումներից մեկն էր, որը տեղի ունեցավ 2019 թվականի օգոստոսի 2-10-ը Ավստրիայի փոքրիկ գյուղում՝ Քյոչախ Մաութենում։ Ճամբարը կազմակերպել էր Վիքիմեդիա Ավստրիան։

Միջոցառման հիմնական նպատակներն էին սովորեցնել, թե ինչպես պետք է խմբագրվեն Վիքիպեդիայի հոդվածները, ծանոթանալ և խմբագրել խաղաղության, բնապահպանական արդարության, ԼԳԲՏ+ իրավունքների, քաղացիական իրավունքների և երկագնդի այլ կարևոր խնդիրների համար պայքարող ակտիվիստների կենսագրությունները։ Միջոցառմանը մասնակցում էին 20 մասնակից Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից և Իսպանիայից։

Վիքիմեդիա Հայաստանը, լինելով գործընկեր կազմակերպություն, միջոցառմանն ուղարկել էր չորս մասնակից, խմբի ղեկավարն էր Վիքիմեդիա Հայաստանի աշխատակից Դավիթ Սարոյանը։ Հայ մասնակիցները ակտիվ վիքիպեդիացիներ էին, որոնք ընտրվել էին իրենց մոտիվացիայի և Վիքիպեդիայում կատարած ներդրումների հիման վրա՝ հատուկ ընտրող հանձնաժողովի օգնությամբ։ Սա առաջին անգամն էր, որ Վիքիմեդիա Հայաստանը փորձ կատարեց համայնքից կազմված հանձնաժողովի օգնությամբ ընտրել միջազգային միջոցառման մասնակիցներին։ Հայ մասնակիցները մյուս մասնակիցների հետ միասին խմբագրում էին միջոցառման նպատակներից բխող հոդվածներ, որոնց ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ։

Բացի այդ, ստորև կարող եք տեսնել մասնակիցների անհատական հաշվետվությունները։ Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցերին՝

  1. Ինչպե՞ս նպաստեցի Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը և/կամ տարածմանը։
  2. Ի՞նչ սովորեցի միջոցառմանը։
  3. Ինչպե՞ս միջոցառումը ազդեց անձնական կարողությունների զարգացման վրա։
  4. Ինչպե՞ս ես կիսվել քո փորձառությամբ։
  5. Ինչպե՞ս կկիրառեմ սովորածս իմ կամ Վիքիմեդիա համայնքում։
  6. Ի՞նչ նոր նախագծերի գաղափարներ ծնվեցին միջոցառման արդյունքում, որը կարող եք իրականացնել Դուք կամ Վիքիմեդիա Հայաստանը։

Աննա Գաբրիելյան

  1. Նախ ուզում եմ նշել, որ նախագիծը հնարավորություն տվեց Վիքիմեդիայի շրջանակներում աշխատել նախորդներից հիմնովին տարբեր թեմաների շուրջ։ Գրեթե միշտ մասնակցել եմ «Վիքին սիրում է գիտություն» բժշկական միջոցառումներին և միշտ խմբագրել եմ բժշկական թեմաներ։ Այս անգամ հնարավորություն ունեցա խմբագրել ֆեմինիզմին առնչվող հոդվածներ և կարծում եմ, որ իմ կողմից ամենամեծ ներդրումը կլինի այն, որ նման թեմաներ խմբագրելը շարունակական բնույթ կկրի հետագայում։ Դա երկուստեք բարենպաստ ազդեցություն կունենա, կամ ինքս կկարդամ և նոր տեղեկություններ կստանամ ոչ մասնագիտական թեմաների շուրջ, համ էլ կհարստացնեմ հայկական վիքիպեդիան շատ արդի թեմաներով, որոնք, կարծում եմ,  կարևոր են մեր հայ հասարակության համար։ Բացի այդ, ծրագրի ամբողջ ընթացքում, և իհարկե, վերադառնալուց հետո, շատերն են հարցնում, թե ինչ ծրագիր էր և որտեղից եմ գտել, դե ես էլ առիթը բաց չեմ թողնում պատմելու Վիքիմեդիայի և նրա կողմից կազմակերպվող միջոցառումների և նախագծերի մասին։
  2. Միջոցառման ընթացքում ձեռք բերեցի շփման և հաղորդակցման հմտություններ անգլերեն լեզվով, սովորեցի մի քանի այլ լեզուներով որոշ բառեր և արտահայտություններ, սովորեցի (ինչի վրա հաճելիորեն զարմացած եմ) թե ինչպես կարելի է ուտելիք պատրաստել 20 հոգու համար, ընդ որում խմբակային ջերմ միջավայրում։  Միջոցառումն ինձ սովորեցրեց հասկանալ ու գիտակցել այնպիսի թեմաների կարևորությունը մեր օրերում, ինչպիսիք են ֆիզիկական բռնությունը, սեռերի միջև հավասարությունը, սեռական կողմնորոշումը և այլն։ Սովորեցի մի շարք «էներջայզերներ», թեմաների քննարկման բազմաթիվ ձևեր, որոնք , կարծում եմ, հետագայում կկիրառեմ խմբակային հանդիպումների ժամանակ։ Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց իմանալ տարբեր ազգերի մշակույթի, համալսարանական կրթության, իրենց երկրում աշխատանքային պայմանների և շատ շատ այլ նորություններ։
  3. Ծրագիրն ինձ տվեց ինքնազարգանալու հնարավորություն, լսելու, կարդալու, նոր գիտելիքներ ձեռք բերելու թեմաների շուրջ, որոնցով  նախկինում թե ժամանակի սղության և թե այլ պատճառներով այդքան էլ հետաքրքրված չէի ։ Ծրագրի ընթացքում իրականացվող քննարկումներից մեկը ինձ ստիպեց հասկանալ մարդկային շատ բարդ հոգեբանության շատ նրբություններ, այլ կերպ վերաբերվել մարդուն՝ անկախ նրա տեսքից և սեռային կողմնորոշումից։ Ծրագիրը բարելավեց նաև իմ՝ անծանոթների հետ շփման կարողությունները, սովորցրեց հեշտությամբ շփման թեմաներ գտնել նրանց հետ։ Բացի այդ ամենը, նաև բարելավվեցին իմ խմբագրելու կարողություններն ու հմտությունները։ Ծրագիրն իմ մեջ բարձրացրեց նաև կրեատիվությունը շատ հարցերի շուրջ, ստիպեց փոխել շատ թեմաների շուրջ վերաբերմուքնս։ Բարելավեցի նաև թիմում աշխատելու կարողություններս, քանի որ գրեթե բոլոր քննարկումներն ու խաղերը անում էինք թիմով։ Ծրագիրն ինձ սովորեցրեց նաև ինքնուրույնություն և սեփական ուժերին հավատալու հնարավորություն։
  4. Իմ փորձառությամբ հիմնականում կիսվել եմ սոց․ ցանցերում։ Ծրագրի ամբողջ ընթացքում, և իհարկե, հետո բավականին երկար ժամանակվա ընթացքում կիսվել եմ իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում նկարներով և գրառումներով։ Եվ իհարկե, մինչև այսօր էլ դեռ շարունակում եմ կիսվել ընկերներիս հետ տպավորություններով և ձեռք բերված գիտելիքներով։
  5. Ձեռք բերված գիտելիքներս արդեն իսկ կիրառում եմ իմ առօրյայում յուրաքանչյուր քննարկման ժամանակ, քանի որ ծրագիրը  մեծ փոփոխություններ արեց իմ մտածելակերպի մեջ։ Կցանկանայի, որ մեր հայ հասարակության մեջ բոլորը հնարավորություն ունենային նմանատիպ ծրագրերի մասնակցելու, արտասահմանցիների հետ շփվելու, նմանատիպ թեմաներ քննարկելու, իրենց մեջ վերլուծություններ անելու և սովորածը առօրյայում կիրառելու։ Կարծում եմ, դեռ երկար ժամանակ ծրագրի ընթացքում լսածս, տեսածս ու սովորածս ինձ հետ կլինի իմ առօրյա կյանքում։ Ծրագրի ընթացքում  բարելավել եմ նաև լեզվական հմտություններս, որը կօգնի Վիքիպեդիայում խմագրություններս ավելի որակյալ դարձնելու հարցում։ Ինչ վերաբերվում է հենց Վիքիպեդիայում խմբագրելու պրոցեսին, իհարկե, այնտեղ սովորածի մեծ մասը ես արդեն իսկ գիտեի, բայց միևնույնն է, ինֆորմացիան թարմացնելն ու վերհիշելը միայն դրական ազդեցություն է ունենալու իմ հետագա խմբագրությունների վրա։
  6. Երբ դեռ Ավստրիայում էինք, շաաատ մեծ ցանկություն ունեցա Հայաստան վերադառնալուն պես սեփական նախաձեռնությամբ մի միջոցառում կազմակերպես, կամավորներ հավաքել , նույն էներջայզերներն անել, խմբային աշխատանք սովորեցնել և, իհարկե հետաքրքիր թեմաներին առնչվող հարցեր քննարկել։ Հավանաբար, այդ միջոցառումը կլինի TEDx-ը։

Վիոլլա Մոսիկյան

  1. Ծրագրի շրջանակներում ստեղծեցի ֆեմինիզմին առնչվող յոթ հոդված: Միջոցառման ընթացքում ձեռք բերեցի գիտելիքներ ֆեմինիզմի մասին,  գենդերային անհավասարության վերաբերյալ։ Կարդացի և տեղեկացա աշխարհի տարբեր ծայրերում կանանց իրավունքների պաշտպանության համար կազմակերպված գործադուլների և այլ միջոցառումների մասին։
  2. Միջոցառման ընթացքում զարգացրի շփման, մարդկանց ավելի շուտ ճանաչելու ու հասկանալու ընդունակությունը։ Ավելի լայն պատկեարցում կազմեցի տարբեր ազգերի, նրանց մշակույթի, մտածելակերպի մասին։
  3. Այս ամենն էլ ինձ հետագայում կօգնեն ճանապարհորդությունների, տարբեր ծրագրերով օտար երկրներ այցերի ընթացքում ավելի ազատ  լինելու, սեփական կարծիքս, առաջարկներս ճիշտ ներկայցնելու ու ինքս ճիշտ ներկայանալու հարցում։
  4. Ներկայացրել եմ իմ երկիրը, պատմել մեր մշակույթի, սովորույթների մասին, ներկայացրել  Հայաստանում հատկապես կանանց իրավունքներին վերաբերող խնդիրներն ու դրանց հավանական լուծումները։
  5. Կազմակերպել նման թեմատիկ ճամբար Հայաստանում, որին կմասնակցեն նաև օտարերկրացիներ։ Որպես քրիստենեությունն ընդունած առաջին  երկիր հենց կրոնն էլ լինի գլխավոր թեման։

Դավիթ Եղիազարյան

  1. Ինչպե՞ս նպաստեցի Վիքիմեդիա նախագծերի զարգացմանը և/կամ տարածմանը. Ես հայերենով ստեղծել եմ հոդվածներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների խնդրին առնչվող սոցիալական, առողջապահական և հոգեբանական թեմաներին, ինչպես նաև` նորեկներին օգնել եմ ավելի լավ գլուխ հանել Վիքիմեդիա նախագծերից:
  2. Ի՞նչ սովորեցի միջոցառմանը. Միջոցառման ընթացքում հարստացրի գիտելիքներս տարբեր երկրներում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող տեղեկատվությամբ, սովորեցի միջոցներ մարդու իրավունքների ոլորտին վերաբերող գիտելիքն աշակերտներիս ավելի արդյունավետ մատուցելու համար, սոցիալական անարդարության հաղթահարման միջոցներ և ուղիներ: Բացի թեմատիկ գիտելիքը, նաև կապեր հաստատեցի ինձ հետաքրքրող ոլորտներում (հանրակրթություն, բնապահպանություն ևն) ներգրավված մարդկանց հետ, ում հետ կշարունակեմ համագործակցությունս ապագայում:
  3. Ինչպե՞ս միջոցառումը ազդեց անձնական կարողությունների զարգացման վրա. Միջոցառման ընթացքում բարելավեցի շփման և ժամանակի կառավարման կարողություններս:
  4. Ինչպե՞ս ես կիսվել քո փորձառությամբ. Աշակերտներիս և հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող ծանոթներիս ներկայացրել եմ իմ ստացած փորձառությունը:
  5. Ինչպե՞ս կկիրառեմ սովորածս իմ կամ Վիքիմեդիա համայնքում. Աշակերտներիս հետ կստեղծեմ մարդու իրավունքներին վերաբերող և սոցիալական արդարության համար նշանակալի պայքարողների մասին հոդվածներ:
  6. Ի՞նչ նոր նախագծերի գաղափարներ ծնվեցին միջոցառման արդյունքում, որը կարող եք իրականացնել Դուք կամ Վիքիմեդիա Հայաստանը. Նախագծի ընթացքում ստացած գիտելիքի և անհատական շփումների արդյունքում ստեղծվեցին բազմաթիվ հետաքրքիր նախագծերի գաղափարներ, որոնք դեռ մշակման փուլում են:

Սյուզի Ոփյան

  1. Ինչպես նախագծի ընթացքում, այնպես էլ հետո շարունակել եմ ստեղծել հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում, ինչի միջոցով նպաստել եմ ազատ գիտելիքի տարածմանը։ Միջոցառումը հմտորեն էր կազմակերպված, խմբագրման ժամերն ու քննարկումները կապակցված էին և հնարավորություն էին տալիս արտահայտվելու։ Միջոցառման ընթացքում բարելավեցի գիտելիքներս, մասնավորապես, ֆեմինիզմի, կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված։ Քննարկեցինք տարբեր հարցեր՝ ուղղված սեռերի հավասարությանը։ Տեղեկացանք տարբեր երկրներում նման հարցերի, ձեռքբերումների մասին և կիսվեցինք մեր փորձով։ Քննարկումների որոշ հատվածներ էմոցիոնալ էին, օգնում էր հասկանալ այն մարդկանց, ում իրավունքները ոտնահարվել էին, ովքեր որոշ դեպքերում դարձել էին կարծրատիպային մտածողության «զոհեր», ինչն օգնում էր առավել խորքային ըմբռնել խնդիրը՝ փորձելով գտնել լուծման եղանակներ։
  2. Ծրագիրն օգնեց կաղապարներց դուրս դիտարկել մարդուն, մարդկային արժեքները։ Օգնեց ընդլայնել մտահորիզոնս, հստակ հասկանալ Հայաստանում առկա խնդիրները, մտածել դրանց լուծման եղանակներ գտնելու մասին։
  3. Նաև նպաստեց ևս մեկ անգամ ընդգծելու օբյեկտիվ ինֆորմացիան մատչելի կերպով ներկայացնելու կարևորությունը։
  4. Առ այսօր չեմ դադարում կիսվել տպավորություններով։ Սեփական օրինակով փորձել եմ ոգևորել Վիքիպեդիայում արդեն խմբագրող ընկերներիս։ Ոգևորելով նրանց, օրինակ եմ հանդիսացել, որ ակտիվ կամավորական աշխատանքը, բացի ինքնակրթվելու հնարավորությունից օգնում է հետաքրիր ժամանակ անցկացնել, ունենալ ընկերներ տարբեր երկրներից։
  5. Փորձում եմ հնարավորինս ուսումնասիրել կանանց իրավունքների և ֆեմինիզմի հետ կապված հարցերը և բարելավել հայերեն Վիքիպեդիայում տվյալ թեմաների հետ կապված հոդվածները՝ տալով հնարավորինս ճշգրիտ և մատչելի ինֆորմացիա։
  6. Կարծում եմ, որ Վիքիմեդիա Հայաստնը  ունի բոլոր նախադրյալները նմանատիպ միջազգային ճամբարներ կազմարկերպել Հայատանում։ Հրավիրելով մասնակիցներ տարբեր երկրներից, կարող ենք ստեղծել հիանալի հրաթակ տարբեր հարցերի քննարկման և ավելի մեծ ոգևորությամբ հոդվածներ բարելավելու համար։ Նաև հնարավորություն կընձեռնի բացահայտել Հայաստանը։

Վիքիմանիայի հաշվետվություններ

Արմենուհի Ոսկանյան  

2019 թվականի օգոստոսի 14-18-ը մասնակցել եմ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացված Վիքիմանիային։ Առաջին անգամ ներկա գտնվելով նման մասշտաբային վիքիմիջոցառման, որին մասնակցում են վիքիխմբագիրներ աշխարհի տարբեր անկյուններից, ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք իսկապես կարող ենք փոխել աշխարհը և անում ենք դա մեծ սիրով։

Վիքիմանիայի ընթացքում մասնակցել եմ մի շարք հանդիպումների ու քննարկումների, լսել այլ վիքիմեդիստների փորձը, ներկայացրել Լեռնապատի վիքիակումբի գործունեության, նախորդ ամիսներին Լեռնապատի միջնակարգ դպրոցում վիքիդասարանի շրջանակներում կատարված խմբագրական աշխատանքների մասին, ընդ որում՝ մեծագույն հպարտությամբ հաճախ նկատել եմ, որ Վիքիմեդիա Հայաստանի միջոցառումներն ու նախագծերը հայտնի են շատերին և մշտապես հիշատակվում են որպես օրինակելի։ Ելույթներից ինձ համար հատկապես հետաքրքիր ու օգտակար էին՝ Keynote I: EDUWiki & OERs + discussion on OERs and their place in the Wikiverse (Արամ Փախչանյան), Let's Talk about Campaigns and Contests, Linking OpenStreetMap and Wikidata և այլն։ Հետաքրքիր ելույթներից էր Interwiki Women Collaboration, a cross-wiki global campaign, որի ընթացքում Արմինե Աղայանն ու Camelia Boban-ը ներկայացրին բոլորովին նոր նախագծի ստեղծման պատմությունը, ձեռքբերումներն ու ապագայի ծրագրերը։ Չնայած նախկինում Հայերեն Վիքիպեդիայում չէի մասնակցել այդ նախագծին, այս Վիքիմանիայից հետո ոչ միայն մասնակցել եմ, այլև ուրիշ խմբագիրների էլ ներկայացրել եմ նախագիրծը, և նրանցից ոմանք նույնպես սիրով մասնակցել են ու ստեղծել տարբեր ազգությունների կանանց նվիրված մի շարք հոդվածներ Հայերեն Վիքիպեդիայում։

Նախկինում փորձած լինելով օգտագործել Programs & Events Dashboard գործիքը Լեռնապատի ակումբի անդամների խմբագրումներին հետևելու համար՝ հետաքրքիր էր լսել այդ ծրագրի որոշակի նրբությունների մասին (ելույթ՝ Programs & Events Dashboard How to effectively manage Wiki initiatives with the Programs & Events Dashboard (and Event Metrics!)։  Վիքիմանիայի մի քանի օրերի ընթացքում ծանոթանալով տարբեր երկրներից եկած վիքիմեդիասների հետ, տեսնելով, թե ինչ խանդավառությամբ են նրանք խոսում իրենց արածի ու ապագայի ծրագրերի մասին, ինչպես նաև ձեռք բերելով նոր գիտելիքներ խմագրական աշխատանքը կազմկերպելու և մադկանց վիքիշարժման մեջ ներգրավելու վերաբերյալ՝ վերադարձից հետո շարունակում եմ աշխատանքը վիքինախագծերում և փորձում կիրառել սովորածս։

Արեւմտահայերէն Ուիքիփետիա

16,17,18 Օգոստոս, 2019-ին Արեւմտահայերէն Ուիքիփետիայի ծրագրային աշխատակազմաը՝ յանձինս համակարգող Ազնիւ Ստեփանեանի եւ օգնական Բեթի Փանսոեանի, մասնակցեցան Շուէտի Սթոքհոլմ քաղաքին մէջ տեղի ունեցող Ուիքիմանիա համաժողովին։

Ուիքիմանիան ամենամեայ հաւաք է, որ կը համախմբէ տարբեր երկիրներէ շուրջ հազար ուիքիփետիսթներ եւ կը հանդիսանայ իւրայատուկ միջավայր մը՝ միտքներու ու փոձի բոխանակման, միտքերու գրոհի, աշխատանքային խմբակներու եւ այլ նախաձեռնութիւններու, որոնք կը հետապնդեն Ուիքիմանիայի տարբեր ծրագիրներու ապագայ զարգացումները։ Համաժողովին երեք օրերուն ընթացքին Ազնիւ Ստեփանեան եւ Բեթի Փանոսեան աշխոյժօրէն մասնակցած են տարբեր աշխատանքային քննարկումներու, ներկայացումներու ու դասախօսութիւններու։ Բացման եւ փակման հանդիսութիւններուն մասնակցելէ զատ, ի մասնաւորի, անոնք միասին մասնակցեցան “Growth” (աճ) լայն խորագիրին տակ կազմակերպուած տարբեր քննարկումներու. Թարգմանաբար՝ «Մարտահրաւէրներ եւ մօտեցումներ համայնքի զարգացման համար», «Ինչ գիտենք նորեկներու մասին եւ ինչպէս գուրգուրալ անոնց», «Աճի համար քարոզարշաւներ (տարբեր փորձերու ներկայացումներ)», «Ներգրաւում եւ պահպանում (տարբեր փորձերու ներկայացում)», Կայծակնային զրոյցներ աճի մասին, «Նորեկ խմբագիրներուն խրախուսել»։ «Որակ»ի նուիրուած հանդիպումներէն մասնակցեցան (թարգմանաբար)՝ «Ինտոնեզիոյ Ուիքիփետային գլխաւոր յօդուածին բարեփոխման գործընթացքը», «Հիւսիային սաամի լեզուին որակի հարցերը», ինայպէս նաեւ՝ որակի նուիրած այլ կայծակնային հանդիպումներու։ «Կրթութիւն» լայն թեմայով միասին մասնակցեցան «Էտուուիքի եւ հետազոտողներ- ինչպէս ներգրաւել հետազոտողներուն» եւ «Խթանելով աշխակերտներուն ուսուցումը՝ էտուուիքիի նախաձեռնութիւններուն միջոցով» նիստերուն։ Ազնիւ Ստեփանեան առանձին մասնակցեցաւ «OpenStreetMap-ը ուիքիտուեալնեուն կապել» քննարկման, իսկ Բեթի Փանսոեան մասնակցեցաւ «Կրթական միջավայրի մէջ Ուիքիփետիայի ծրագիրներուն միջոցով փոքրամասնութիւններու լեզուներու առաջընթաց» նիւթով քննարկման։

Ընդհանուր առմամբ, Ուիքիմանիայի մասնակցութիւնը ծրագրային աշխատակազմին համար եղաւ օգտակար։ Անոնք ձեռք բերին նոր գաղափարներ եւ ծրագիրներու նոր տարբերակներ ու լուծումներ՝ յատկապէս համայնքը աշխուժացնելու ու որակը բարձրացնելու առումներով։

Թամարա Գրիգորյան և Իրինա Սաֆարյան

Վիքիմեդիա Հայաստանի երկու Վիքիակումբների համակարգողներ՝ Թամարա Գրիգորյանը և Իրինա Սաֆարյանը, լինելով ակտիվ վիքիխմբագիրներ, Վիքիմեդիա Հիմնադրամից կրթաթոշակ ստացան Վիքիմանիային մասնակցելու համար։ Նրանց անհատական հաշվետվությունները կարող եք գտնել ստորև հղումներում։

Արեւմտահայերէնի Լեզուական երրորդ ուղեցոյցի պաստրաստութիւն

Օգոստոս ամսուան ընթացքին՝ պատրաստուեցաւ  այս տարուան երրորդ լեզուական ուղեցոյցը, որ յատկացուած էր Արեւմտահայերէն Ուիքիփետիայի տարբեր յօդուածներուն մէջ պատահող կէտադրական վրիպակներու եւ թիւրիմացութիւններու սրբագրութեան։

Տավուշի մարզի ուսուցիչների երկօրյա դասընթաց Երևանում

Օգոստոսի 24-ից 25-ը Երևանում՝ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում, տեղի ունեցավ Տավուշ մարզի ուսուցիչների երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին մարզի տարբեր համայնքների դպրոցներից 18 ուսուցիչ։ Նրանցից վեցը ունեին վիքի խմբագրման փորձառություն, իսկ մնացածները սկսնակ խմբագիրներ էին։

Երկու օրվա ընթացքում փորձառու մասնակիցները խորացրին խմբագրման գիտելիքները, ծանոթացան աշխատանքային նոր գործիքների և հմտությունների։ Ստացան իրենց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։ Ստեղծեցին և բարելավեցին հոդվածներ, որոնք տեղում դիտվեցին բոլոր մասնակիցների ներկայությամբ՝ բացահայտվեցին թերությունները, քննարկվեցին թերությունները վերացնելու ուղիները։

Սկսնակները մասնակցային հաշիվներ ստեղծեցին Վիքիպեդիայում։ Փորձառու օգնական մասնակիցների օգնությամբ սկսեցին խմբագրել, ծանոթացան խմբագրման հիմունքներին, Վիքիպեդիայի գաղափարախոսությանը, կատարեցին առաջին խմբագրումները։ Սովորեցին, թե ինչպես թարգմանել հոդվածը այլալեզու Վիքիպեդիաներից և ինչպես սեփական ուժերով գտնել աղբյուրներ ու հոդված ստեղծել։

Վիքիակումբների հաշվետվություն

Օգոստոս 9-ին Ալավերդու վիքիակումբի մասնակիցները դիտել և քննարկել են «Գաղտնիք» փաստագրական ֆիլմը։ Ֆիլմը ճիշտ նպատակադրման և պոզիտիվ մտածողության մասին է և ակումբականներին տվել է գործառնական մի շարք գիտելիքներ անձի զարգացման վերաբերյալ։ Իսկ արդեն օգոստոսի 27-ին Ալավերդու վիքիակումբականները կազմակերպել են քայլարշավ դեպի Սանահինի վանական համալիր, որտեղ լուսանկարներ են արել «Վիքին սիրում է հուշարձաններ 2019» մրցույթի համար։

«Իմացի՛ր և միացի՛ր» նախագծի շրջանակներում օգոստոսի 16-ին Գորիսի վիքիակումբի համակարգող Արարատ Թրվանցը և մի քանի ակումբականներ այցելել են Գորիսի ֆրանսախոսների մշակութային կենտրոն, որտեղ կազմակերպվել էր «Լավագույն ֆրանսախոս 2019» ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին Գորիսի 5 հանրակրթական դպրոցների 12-15 տարեկան մոտ 50 աշակերտներ։ Արարատ Թրվանցը ճամբարականներին ծանոթացրել է վիքինախագծերի և կամավորական աշխատանքի հետ, կազմակերպել վորքշոփ, իսկ ակումբականները ճամբարականներին սովորեցրել են խմբագրման հիմնական գործիքները։ Ավելի ուշ, որոշ ճամբարականներ միացել են ակումբի աշխատանքներին։

Օգոստոսի 20-ին, Կողբի հիմնադրամի ֆինանսավորմամբ, Կողբի վիքիակումբի համակարգողները և ակումբականները էքսկուրսիա են կազմակերպել դեպի Իջևանի տարածաշրջանի պատմական հուշարձաններ և վանքեր։ Էքսկուրսիայի ընթացքում ակումբականներն այցելել են Կիրանց գյուղի մոտ գտնվող Սբ․ Առաքելով վանք, Սրանոց կամուրջ, Սրվեղի վանք, Մորո Ձորո վանք, Սբ․ Դավիթ եկեղեցի։ Էքսկուրսիայի ընթացքում վիքիպահեստ են ներբեռնվել այդ հուշարձանների լուսանկարները, ինչպես նաև Խաշթառակ և Այգեհովիտ գյուղերի համայնապատկերները։

Օգոստոսի 7-ին Հացիկի վիքիակումբը հյուրընկալել է դասընթացավար Շուշան Երանոսյանին։ Հանդիպման ընթացքում Շուշան Երանոսյանն ակումբականների հետ խոսել է խտրականության վերաբերյալ, որի ընթացքում ակումբականները արտահայտել են իրենց կարծիքը խտրականության տարբեր դրսևորումների վերաբերյալ։ Հանդիպումն ավարտվել է դերախաղով, որի ընթացքում ակումբականները բեմականացրել են կյանքում հանդիպող խտրական երևույթների առանձին դրվագներ։

Ստեփանակերտի և Քարվաճառի վիքիակումբների համակարգողներ Իրինա Սաֆարյանը և Թամարա Գրիգորյանը, լինելով ակտիվ վիքիխմբագիրներ, Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակ՝ Ստոկհոլմում մասնակցելու «Վիքիմանիա» ամենամյա համաժողովին։ Իսկ Լեռնապատի վիքիակումբի համակարգող Արմենուհի Ոսկանյանը, որը նույնպես մասնակցել է «Վիքիմանիա» համաժողովին, խրախուսվել էր Վիքիմեդիա Հայաստանի կողմից։

Օգոստոսի 1-ին Քարվաճառի վիքիակումբում տեղի է ունեցել «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը։ Այս միջոցառումների շարքի նպատակներից է ոչ միայն երեխաներին հնարավորություն տալ ծանոթանալ մեծանուն արվեստագետների, գրողների կենսագրություններին, այլև հնարավորություն տալ ակումբականներին ելույթ ունենալ թեկուզ ոչ շատ մեծ լսարանի առջև և այդպիսով ելույթ պատրաստելու ու ներկայացնելու փորձ ձեռք բերել դպրոցական տարիքից։ Այս անգամ այն նվիրված է եղել հայ գրող Ակսել Բակունցին։ Ակումբական Սոնա Սաֆարյանը ներկայացրել է գրողի կյանքն ու ստեղծագործական ուղին։ Ակումբականները նշել են հեղինակի՝ իրենց սիրելի պատմվածքները, քննարկել դրանք։

Վիքիակումբ Համայնքի բնակչություն Նոր մասնակիցներ Ակտիվ մասնակիցներ Սեռերի հարաբերակցություն (արական/իգական) Խմբագրումներ Վիքիպեդիայում և Վիքիբառարանում Սրբագրված էջեր Վիքիդարանում
Ալավերդու վիքիակումբ 13100 2 29 54/26 1155 11
Արևածագի վիքիակումբ 821 0 12 72/54 908 5
Գյումրու վիքիակումբ 121976 0 55
Գորիսի վիքիակումբ 20300 0 20 51/16 1005 334
Դդմաշենի վիքիակումբ 2806 1 30 50/39 1054 280
Լեռնապատի վիքիակումբ 1661 0 22 133/151 2447 581
Կողբի վիքիակումբ 4530 0 13 49/27 644 41
Հացիկի վիքիակումբ 1044 1 15 27/21 629 1016
Մրգավանի վիքիակումբ 1606 0 30/28 1349 0
Սպիտակի վիքիակումբ 13100 0 20 52/39 236 169
Ստեփանակերտի վիքիակումբ 55309 0 28 175/63 263 5
Վանաշենի վիքիակումբ 2364 0 16 34/10 639 383
Վարդենիկի վիքիակումբ 9880 0 23 47/25 956 252
Տողի վիքիակումբ 700 1 18 48/31 32 183
Քարվաճառի վիքիակումբ 500 0 19 54/54 924 22
Ընդամենը 249697 5 265 12296 3282

Ամսագրեր

Այս ամիս Վիքիմեդիա Հայաստանը 2 հոդված է հրապարակել Վիքիմեդիա Հիմնադրամի Կրթական ամսագրում։ «Ամառային Վիքիճամբար միջնակարգ դպրոցի աշակերտների համար» հոդվածում ներկայացվել է Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած Վիքիճամբարը Ծաղկաձորում։ «Մենք այնքան լավ օրեր ենք անցկացնում Վիքիճամբարներում, որ ոչ ոք չի ցանկանում տուն վերադառնալ» խորագիրը կրող հոդվածը պատմում է Քարվաճառի վիքիակումբականների մասին, որոնք մասնակցել են Վիքիճամբարների։ Հոդվածը պատմում է վերջիններիս տպավորությունների, նոր ծանոթությունների և ստացած գիտելիքների մասին։

Շաբաթօրյա վորքշոփներ

Յուրաքանչյուր շաբաթ Վիքիմեդիա Հայաստանն իր գրասենյակում կազմակերպում է բաց վորքշոփ-խմբագրաթոններ, որին մասնակցում են թե՛ նոր և թե՛ հին խմբագիրներ։ Նոր խմբագիրները փորձառու խմբագիրների օգնությամբ սովորում են խմբագրել տարբեր Վիքիմեդիա նախագծերում։ Վորքշոփին սովորաբար մասնակցում են բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Վիքիմեդիա նախագծերով, վիքիխմբագրմամբ և նրանք, ովքեր ցանկանում են պարզապես խմբագրել հաճելի միջավայրում։

Շաբաթօրյա վորքշոփներ
Օգոստոսի 17 Օգոստոսի 24 Օգոստոսի 31
մասնակիցներ 10 9 11
ստեղծված/բարելավված

հոդվածներ

3/5 4/4 6/4
խմբագրումներ 21 39 32
բայթեր (ընդհանուր) 16600 36500 38000

Այս ամիսը՝ թվերով

0 0 0 250 8 306

«Խոսող Վիքիպեդիա» նախագծի համար ձայնագրված հոդվածներ

«Թվայնացման նախագծի» համար տեսածրված էջեր

Վիքիբառարանի համար բառերի արտասանություններ

«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում բարելավված հոդվածներ

Բոլոր նախագծերում ներգրավված նոր խմբագիրներ

«Ես ստեղծում եմ կարևորագույն բժշկական հոդված» շրջանակներում բարելավված հոդվածներ