Նախագծեր/Վիքին սիրում է հուշարձաններ
Վիքին սիրում է հուշարձանները Գինեսի գրքի կողմից ճանաչված է որպես աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթ։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերի 1-ից 30-ը․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։
2019 թվականի սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանը կմիանա Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթին։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող եք բեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն սեպտեմբեր ամսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։