Նախագծեր/Վիքիճամբար
Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի ստեղծած նախագիծն է։ Ճամբարին մասնակցում են 13-17 տարեկան պատանիները և 18-35 տարեկան երիտասարդները։ Վիքիճամբարի ընթացքում մասնակիցները խմբագրում են Վիքիպեդիայում և այլ վիքի հարթակներում։ Նրանք մասնակցում են նաև սպորտային, ինտելեկտուալ, ժամանցային խաղերի և մշակութային տարբեր միջոցառումների։
Վիքիճամբարը Վիքիմեդիա Հայաստանի նախագծերից մեկն է, որի նպատակն է զարգացնել Հայերեն Վիքիպեդիան և Վիքիմեդիա այլ նախագծերը տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։
Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք, վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների, օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։
Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։
Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։
Վիքիճամբարին Ձեր նվիրաբերման շնորհիվ Հայաստանի գյուղական համայնքների երեխաներից ևս մեկը հնարավորություն կստանա մասնակցել այս կրթական, զարգացնող և հավես միջոցառմանը։
Հայտարարություններ