Մեդիա անկյուն/Արևմտահայերենի լեզվական կոդ

Արևմտահայերենն արդեն առանձին լեզվական կոդ ունի
փետրվարի 1, 2018 թվական

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ-ի և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի՝ արևմտահայերենին ISO 639-3 լեզվական կոդ տալու ջանքերը վերջապես հաջողություն ունեցան։ SIL International-ը, որը ISO 639-3-ը գրանցող մարմինն է, 2018 թվականի հունվարի 30-ին արևմտահայերենին առանձին լեզվական կոդ՝ «hyw» տալու որոշում է կայացրել։

Արևելահայերենն ու արևմտահայերենը ժամանակակից հայերենի երկու առանձին ճյուղեր են, որոնք զարգացել են տարբեր ուղղություններով և կառուցվածքով, առանձին վայրերում և առանձին գրականությամբ, որոնք միշտ չէ, որ ընթերցվում կամ հասկանալի են մյուս կողմի համար։ Հայաստանի անկախացումից հետո արևելահայերենը, միջին հայերենը և գրաբարն առանձին լեզվական կոդեր են ստացել, բայց ոչ արևմտահայերենը։

Թեև արևմտահայերենով խոսում են, դասավանդում են, թերթեր են լույս տեսնում, գրքեր են թարգմանում և նոր գրականություն է ստեղծվում, այդուհանդերձ 2010 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վտանգված լեզուների քարտեզում։ Լեզվի անկումը կանխելու նպատակով Սփյուռքում և Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախաձեռնվել․ դրանցից մեկը էլեկտրոնային ռեսուրսների՝ այդ թվում Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումն է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ անհատներ և կազմակերպություններ։ Արևմտահայերենի առանձին լեզվական կոդ չունենալու պատճառով առցանց տիրույթում պարբերաբար առաջանում են խնդիրներ։ Օրինակ, Հայերեն Վիքիպեդիայում մեկ թեմայի վերաբերյալ ստեղծվում է երկու հոդված՝ մեկը արևելահայերեն, մյուսը՝ արևմտահայերեն, սակայն առանձին կոդ և առանձին տիրույթ չունենալու պատճառով արևմտահայերեն հոդվածները հայտնվոււմ են արևելահայերեն հոդվածների հետ միևնույն էջում՝ թույլ չտալով ընթերցողներին տեղեկանալ արևմտահայերեն հոդվածի գոյության մասին։ Միաժամանակ, խնդիր է առաջանում թվային տեխնոլոգիաների կիրառման ժամանակ․ ուղղագրություն ստուգող, ձայնային ճանաչման, թարգմանչական և այլ ծրագրերի համատեղ օգտագործումը երկու ճյուղերի համար պարզապես անհնար է։

Վիքիմեդիա Հայաստանը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամն առանձին լեզվական կոդ ստանալու գործընթացը նախաձեռնել են 3 տարի առաջ, երբ արևմտահայերենով ազատ բովանդակության խթանման նպատակով համագործակցություն սկսեցին։ Դրա շրջանակներում արևմտահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ Վիքիպեդիայում արևմտահայերենով բովանդակություն են ստեղծում։

Բացի Վիքիմեդիա Հայաստանից և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամից, այս գործընթացքում ներգրավվել են նաև Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության բաժինը, այլ գիտակրթական հաստատություններ և Սփյուռքի շատ համայնքների ներկայացուցիչներ, որոնք խնդրագրով 2016 թվականի ամռանը դիմել են SIL International-ին։ Այս ձեռքբերումը համատեղ ջանքերի արդյունք է, որը կնպաստի Արևմտահայերեն բովանդակության զարգացմանը և դրա հասանելիության մեծացմանը համացանցում։


Վիքիմեդիա Հայաստանի մասին

Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։