Մամուլի հաղորդագրություն/Բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան
Բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն
Կոնտակտային անձ
Դաթո Աբուլաձե
Հեռ․՝ +374 93118800
Երկար սպասումից հետո, սույն թվականի ապրիլի 1-ին Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացավ ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։
2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արևմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում և շուտով կտեղափոխվեն Արևմտահայերեն Վիքիպեդիա։ Մեր մարտահրավերը պետք է լինի այդ թիվն օր-օրի ավելացնելը և դրանց որակը բարձրացնելը։
Արևմտահայերեն Վիքիպեդիայի՝ որպես առանձին հանրագիտարան դառնալու ջանքերին են նպաստել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը և «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը, որոնք անցնող տարիներին աջակցել են Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծմանը և հովանավորել նախագծի միջոցառումները։
Արևմտահայերեն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի նպատակը եղել և մնում է բազմատեսակ որակյալ հոդվածների ստեղծումը և դրանով իսկ արևմտահայերեն բովանդակության շրջանառության մեջ կարևոր ներդրում ունենալը։
«Այս ուրախ օրվա առիթով մեծապես շնորհակալություն ենք հայտնում Արևմտահայերեն Վիքիպեդիայի բոլոր կամավորներին և խմբագիրներին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սատարեցին և շարունակում են սատարել այս աշխատանքի իրականացմանը»,— ասաց Արևմտահայերեն Վիքիպեդիա նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանը և հավելեց, որ Արևմտահայերեն Վիքիպեդիան կարող է կարևոր խթան հանդիսանալ արևմտահայերենի գործածության համար։
«Շնորհավորում ենք Արևմտահայերեն Վիքիպեդիայի համայնքին և արևմտահայերեն խոսող մեր հայրենակիցներին,— ասաց Վիքիմեդիա Հայաստանի նախագահ Սուսաննա Մկրտչյանը,— Սա արևմտահայերենին վերածնունդ տալու նշանակալի քայլ է, հզոր հնարավորություն է արևմտահայերենը պահպանելու և զարգացնելու որպես գիտելիք ստեղծելու և ստանալու լեզու»։
«Վիքիպեդիան կարևոր հարթակ է, որտեղ արևմտահայերենը կարելի է գործածել զանազան ձևերով՝ կարդալով, խնբագրելով, բարելավելով և ստեղծելով արևմտահայերեն հոդվածներ, — ասաց «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն դոկտոր Ռազմիկ Փանոսյանը,— Ուրախ ենք, որ մեր աջակցությունը արդյունավետ հիմքերի վրա է։ Հույս ունենք, որ լեզվին տիրապետող բոլոր անհատներն այս առիթը կօգտագործեն համացանցում արևմտահայերեն բովանդակությունը զարգացնելու համար»։
Նշենք, որ Արևմտահայերեն Վիքիպեդիան առանձին ISO 639-3 լեզվական կոդը ստացել է 2018 թվականի հունվարի 30-ին SIL International-ի կողմից․ լեզվական կոդի առկայությունը հնարավորություն տվեց ստեղծել Արևմտահայերեն Վիքիպեդիան, ինչպես նաև այն կարող է խթանել համացանցում արևմտահայերենով տարբեր ծրագրեր (սրբագրիչ, փոխադրիչ, թարգմանիչ) մշակելու աշխատանքները։
Արևմտահայերեն Վիքիպեդիան բաց է բոլորիս համար։ Վիքիպեդիայի խմբագրման հնարավորություններին ծանոթ բոլոր անձինք կարող են իրենց մասնակցությունը բերել հանրագիտարանի զարգացման գործում։
Վիքիմեդիա Հայաստանը հիմնադրվել է 2013 թվականի մայիսին 14-ին՝ որպես Վիքիմեդիա տեղական կազմակերպություն։ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը և աջակցել նոր վիքիմեդիացիներին։