Իրավական փաստաթղթեր/Անդամության կանոնակարգ

Վիքիմեդիա Հայաստանի
Անդամության կանոնակարգ

Խորհրդի թիվ 9 արձանագրային որոշում առ 16․07․2020 թվական

Հիմք ընդունելով «Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) 3-րդ մասի դրույթները հաստատել Կազմակերպության անդամության կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ համաձայն հավելվածի։


Հավելված

Կազմվել է 01 հուլիսի, 2020 թվական
Հաստատված է «Վիքիմեդիա Հայաստան»
գիտակրթական հասարակական կազմակերպության խորհրդի N 9 արձանագրային որոշմամբ

առ 16․07․2020 թվական
Ա Ն Դ Ա Մ Ու Թ Յ Ա Ն Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
«Վիքիմեդիա Հայաստան»
գիտակրթական հասարակական կազմակերպության

Սույն կանոնակարգը սահմանում է Կազմակերպության անդամ դառնալու, պատվավոր անդամի կոչում ստանալու, անդամությունից դուրս գալու, անդամության դադարեցման (անդամությունից հեռացման), անդամների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերի կիրարկման կարգը, անդամների իրավունքների և պարտականությունների առանձնահատկությունները, անդամությանն առնչվող այլ դրույթներ։

Հոդված 1․Կազմակերպությանն անդամագրվելու, պատվավոր անդամի շնորհման կարգը․

1․Կազմակերպության անդամ կարող են դառնալ Կազմակերպության նպատակներն ու գործունեությունը համակրող, Կազմակերպության գործունեությանն աջակցելու պատրաստակամություն ունեցող, Կազմակերպության կանոնադրության դրույթներն ընդունող Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, արտասահմանյան երկրների իրավաբանական անձինք, 18 տարին լրացած ֆիզիկական անձինք, որոնք առնվազն մեկ տարի ներգրավված են Կազմակերպության գործունեության որևէ ոլորտում:

2․Կազմակերպությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, դիմումի համաձայն (տես կից հավելված 1-ը և 2-ը), որը ներկայացվում է Խորհրդին: Իրավաբանական անձանց դեպքում ներկայացվում է նաև իրավաբանական անձի լիազորված մարմնի որոշումը՝ անդամությանը համաձայնություն տալու վերաբերյալ:

3․Անդամության բոլոր դիմումները քննվում և դրանց մասին որոշում է կայացվում Խորհրդի առաջիկա նիստին՝ ողջամիտ ժամկետում: Հաշվի առնելով ստացված դիմումների քանակը Խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ կարող է որոշում կայացնել արտահերթ նիստ հրավիրելու մասին՝ իր կողմից նախընտրելի պարբերականությամբ։ Խորհրդի որոշման մասին անդամություն ներկայացնող անձը պատշաճ ծանուցվում է։ Անհրաժեշտության դեպքում Խորհուրդը կարող է պահանջել փաստաթղթեր, որոնք կցվում են դիմումին՝ դիմումատուի՝ Կազմակերպության կանոնադրությամբ և սույն կանոնակարգով սահմանված պահանջներին բավարարելու հանգամանքը փաստելու նպատակով: Դիմումի մերժման դեպքում Խորհուրդը պարտավոր չէ ներկացնել մերժման պատճառները:

4․Կազմակերպությանն անդամությունը դադարեցված (հեռացված) անձը Կազմակերպությանը կարող է վերաանդամագրվել ընդհանուր հիմունքներով՝ անդամությունը դադարեցնելուց մեկ տարի հետո՝ բացառությամբ Կանոնադրության 3.5.7 կետով սահմանված դեպքի, որի շրջանակներում անդամության դադարեցման հիմք հանդիսացող հանգամանքի վերացումից մեկ տարի հետո դիմումի հիման վրա անդամությունը ավտոմատ վերականգնվում է։ Վերջին դեպքում դիմումը պետք է ներկայացվի անդամության դադարեցման համար հիմք հանդիսացած հանգամանքի մեկ տարին լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։

5․Կազմակերպության անդամի հիմնական իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Կանոնադրությամբ։

6․Կազմակերպության պատվավոր անդամ կարող են դառնալ Կազմակերպության նպատակներին հասնելու գործում նշանակալի օժանդակություն ցուցաբերած անձինք։

Կազմակերպության կամ Խորհրդի պատվավոր անդամի կոչում (այսուհետ՝ Պատվավոր անդամ) շնորհվում է Խորհրդի որոշմամբ:

Պատվավոր անդամի թեկնածու կարող են առաջարկել Կազմակերպության անդամները կամ կոլեգիալ ղեկավար բոլոր մարմինները: Պատվավոր անդամ առաջարկելու համար տվյալ անձը կամ մարմինը ներկայացնում է դիմում-առաջարկություն, որը Խորհուրդը քննարկում է առաջիկա նիստին և ընդունում է որոշում: Որոշումը կարող է բողոքարկվել ընդհանուր կարգով:

Հոդված 2․Կազմակերպության անդամության դադարեցումը

1․Կազմակերպության անդամի անդամությունը դադարեցվում է Խորհրդի որոշմամբ կամ ավտոմատ կերպով՝ կանոնադրությամբ սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

2․Անդամությունը դադարեցված է համարվում, եթե

2․1․անդամությունը դադարեցնելու մասին դիմում է ներկայացվել և/կամ անդամության դադարեցման մասին Խորհուրդն ընդունել է որոշում։

2․2․անդամը չի կատարել և/կամ խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կանոնադրությամբ և Կանոնակարգով սահմանված պարատվորությունները՝ Խորհրդի որոշման հիման վրա։

2․3․առանց հարգելի պատճառի երկու անգամ անընդմեջ չի մասնակցել Համաժողովին՝ Խորհրդի կողմից կայացված որոշման հիման վրա։

2․4․խուսափել է վճարել Խորհրդի կողմից սահմանված անդամավճարը։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով։ Ընդ որում սույն կանոնակարգի ընդունման պահին անդամավճար սահմանված չէ։

2․5․ի հայտ են եկել փաստեր, որ անդամակցելու պահին անդամության հայտ (դիմում) ներկայացրած անձը չի համապատասխանել անդամության պահանջներին։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով։

2․6․ի հայտ են եկել փաստեր, որ անձն անդամության հայտում (դիմումի մեջ) կամ դրան կից փաստաթղթերում ներկայացրել է կեղծ կամ ոչ արժանահավատ տեղեկատվություն։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով։

2․7․կատարել է գործողություն/ներ, որի/որոնց արդյուքնում Կազմակերպությանը պատճառվել է նյութական վնաս և/կամ վնաս է հասցվել Կազմակերպության համբավին և/կամ նրա գործողությունները չեն համապատասխանել Կազմակերպության կանոնադրությանն ու նպատակներին, անկախ գործողության կատարման ժամանակից։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով: Խորհուրդը կարող է իր որոշմամբ անդամին պարտավորեցել հատուցել Կազմակերպությանը պատճառված վնասները։

2․8․Կազմակերպության անդամների, ներկայացուցիչների շրջանում տարածում /ստեղծում է վախի, թշնամանքի, ատելության մթնոլորտ։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը՝ որոշումների ընդունման ընդհանուր կարգով։

2․9․Կազմակերպության անդամների, ներկայացուցիչների նկատմամբ իրականացնում է ակնհայտ վիրավորական գործողություններ։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով։

2․10․չի կատարել Կանոնադրության 3-րդ մասի 3․10․ կետի պահանջներից առնվազն մեկը։ Այս դեպքում անդամության դադարեցման մասին որոշումը կայացնում է Խորհուրդը որոշումների ընդունման ընդհանուր կարգով։

2․11․վճարովի ծառայությունների մատուցման կամ ժամկետային և/կամ մշտական հիմունքներով աշխատանքային պայմանագրով վարձատրություն/աշխատավարձ է ստանում Կազմակերպությունից, եթե նման ծառայության և/կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը գումարային վեց ամսից ավելի է առաջին պայմանագրի կնքման պահից մեկ տարվա ընթացքում։ Այս դեպքում անդամությունը դադարում է ավտոմատ կերպով և արձանագրվում Խորհրդի կողմից։

2․12․դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած։ Այս դեպքում անդամությունը դադարում է ավտոմատ կերպով և արձանագրվում Խորհրդի կողմից։

2․13․մահացել է։ Այս դեպքում անդամությունը դադարում է ավտոմատ կերպով և արձանագրվում Խորհրդի կողմից։

3․Կանոնադրությամբ սահմանված անդամության դարեցման (հեռացման) հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում Խորհուրդը իր առաջիկա նիստին քննարկում է անդամի անդամության դադարեցման հարցը և ընդունում է որոշում: Խորհուրդը կարող է որոշման ընդունումը հետաձգել՝ պահանջելով անդամից ներկայացնել բացատրություններ:

Հոդված 3․Որորշումների բողոքարկման կարգը

1․Անդամությանն առնչվող որոշումների բողոքարկումը պետք է կատարվի Կազմակերպության Կանոնադրության 10-րդ մասի հիման վրա։

2․Այն անձը, որը կարծում է՝ որևէ որոշմամբ խախտվել են իր իրավունքները, կարող է դրանք բողոքարկել ներկայացնելով պատճառաբանված դիմում-բողոք Խորհրդին:

3․Խորհուրդը քննարկում է ներկայացված բողոք-դիմումը Խորհրդի առաջիկա նիստին՝ ողջամիտ ժամկետում: Տվյալ քննարկման մասին տեղեկացվում է այն անձին ով ներկայացրել է դիմում-բողոքը՝ այն միջոցով, որով նա է դիմում-բողոք ներկայացրել Խորհրդին: Քննարկման արդյունքում Խորհուրդն ընդունում է որոշում նախկինում կայացված որոշումը վերացնելու կամ դիմում-բողոքը մերժելու մասին:

Դիմում-բողոք ներկայացրած անձը կարող է ներկա գտնվել Խորհրդին նիստին, սակայն նրա չներկայանալը հիմք չէ, որոշում ընդունելու համար:

Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ

1․Սույն կանոնակարգն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: