Բլոգ/Վիքիակումբներում գրականությունն է տիրում

«Գրականությունը միշտ սիրել եմ ու հիմա էլ շարունակում եմ ավելի շատ սիրել Վիքիպեդիայի շնորհիվ»․
Վիքիակումբներում գրականությունն է տիրում


Վիքիակումբներում ոչ միայն խմբագրական վորքշոփներ են տեղի ունենում, այլև տեղեկատվական-ճանաչողական միջոցառումներ, որոնք վիքի-նախագծերի հետ կարող են կապված լինել ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն։ Սակայն դրանց նպատակներն ավելի լայն են՝ մասնակիցներին Վիքիպեդիայում խմբագրելու մոտիվացիայի փոխանցում, խմբագրական թեմատիկայի ընդլայնում և այլն։

Հուլիս ամսվա ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի երեք` Արևածագի, Դդմաշենի և Քարվաճառի վիքիակումբներում կազմակերպվել են գրական միջոցառումներ` նվիրված հայ և արտասահմանյան հայտնի գրողներին ու նրանց ստեղծագործություններին:

Քարվաճառի վիքիակումբում կազմակերպված «Հանդիպում արվեստի հետ» միջոցառման ժամանակ ակումբականները ծանոթացել են Եղիշե Չարենցի կյանքին և գրական ուղուն։ Հայտնի գրողի կենսագրական տվյալները մյուսներին պատմած Լենա Ղազարյանը վստահորեն ասում է, որ նման հանդիպումների ժամանակ նրանք իմանում են, թե իրականում որքան բան գիտեն տվյալ գրողի, արվեստագետի մասին: «Եթե ծանոթ տեղեկություն ենք լսում, ապա դա ամրապնդվում է մեր հիշողության մեջ, ու այլևս չենք մոռանում», — ասում էր աղջնակն ու հավելում, — «Ցանկանում եմ, որ ամսվա մեջ երկու անգամ լինեին նմանատիպ հանդիպումներ, հաճելի է և՛ ելույթ ունենալը, և՛ լսելը»։ Նույն ակումբի անդամ Լիանա Մկրտչյանը հայտնում է, որ այս ձևաչափի միջոցառումներն օգնում են, որպեսզի տեղեկատվությունն ավելի հիշվող լինի։ Լիանան նույնիսկ առաջիկայում պատրաստվում է անձամբ մյուս ակումբականներին ներկայացնել որևէ արվեստագետի պատմությունը, որովհետև, ինչպես ինքն է նշում, միջոցառումները ոչ միայն օգտակար են, այլև՝ հավես։
Իսկ Դդմաշենի վիքիակումբում կազմակերպվել էր հայ և ռուս դասականներ Մաքսիմ Գորկուն և Եղիշե Չարենցին նվիրված խմբագրաթոն, որի նպատակը Հայերեն Վիքիպեդիայում գրողների ստեղծագործությունների մասին հոդվածների ստեղծումն ու բարելավումն էր։ Միջոցառման գերնպատակ էր նաև Վիքիպեդիայում խմբագրումներ անելն ավելի հետաքրքիր դարձնելը։ Մինչ հոդվածը նախապատրաստելը, ընթերցվում են համապատասխան ստեղծագործություններ, թեմային առնչվող վերուծական և քննադատական նյութեր, խմբագիրները դիտում են հոդվածին առնչվող ֆիլմեր և տեսաֆիլմեր, որն ավելի բովանդակալից է դարձնում հոդվածը: Խմբագրաթոնի մասնակից Անի Շավարշյանը պատմում է, որ միջոցառումը ոչ միայն խմբագրումներն անելն ավելի հետաքրքիր դարձրեց, այլ նաև հնարավորություն տվեց ծանոթանալ Գորկու ստեղծագործություններին, որոնք թարգմանվել են Չարենցի կողմից։ «Միջոցառումը, բնականաբար, ունի կրթական նշանակություն, և ես կցանկանամ, որպեսզի շարունակենք նման ստեղծագործությունների շուրջ աշխատել, քանի որ այն նպաստում է Վիքիպեդիայում կրթական հոդվածների զարգացմանը», — ասում է Անին։ Նույն ակումբի մասնակից Սիրանուշ Շմավոնյանն ասում է, որ խմբագրաթոնի շնորհիվ սկսել է սիրել ռուս գրականությունը։ «Գիտեք, գրականությունը միշտ սիրել եմ ու հիմա էլ շարունակում եմ ավելի շատ սիրել Վիքիպեդիայի շնորհիվ», — ասում է Սիրանուշն ու ավելացնում, որ հանդիպման ընթացքում ընկալել և հասկացել է այն ամենը, ինչ թերի էր մնացել դպրոցում այս թեմաներն անցնելիս։

Արևածագի վիքիակումբի 9-րդ դասարանի աշակերտները, որ նոր-նոր են սկսում ուսումնասիրել ռուս գրականություն, մասնավորապես՝ Ալեքսանդր Պուշկինի և Միխայիլ Լերմոնտովի գործերը, Վիքիպեդիայում փնտրել և ստեղծել են ռուս երկու դասականների վերաբերյալ հոդվածներ։ Խմբագրաթոնի ժամանակ գրվել են հետևյալ հոդվածները․

Ակումբական Նանե Ոսկանյանը պատմում է, որ խմբագրաթոնի ժամանակ գրել է այն գրողների մասին, որոնց հանդիպում էր դպրոցական դասագրքերում և որոնք Հայերեն Վիքիպեդիայում ունեին կարճ հոդվածներ։ Խմբագրաթոնի մյուս մասնակից Նանե Վարդանյանի պնդմամբ՝ հոդվածներ գրելով և ծանոթանալով գրողների անցած ուղուն՝ դասեր է քաղում։ «Խմբագրելով Վիքիպեդիայում՝ ես հասկացա, որ ինձ հաճելի է ինչ-որ կերպ օգնել մարդկանց տեղեկացված լինել», — ասում է Նանեն և ավելացնում, — «Հաճելի է, որ այդ գործում իմ փոքրիկ ներդրումն ունեմ»։
Վիքիմեդիա Հայաստանը նախատեսում է վիքիակումբներում կազմակերպել է՛լ ավելի շատ թվով տեղեկատվական-ճանաչողական միջոցառումներ, որոնք կնպաստեն Վիքիկումբներում ստեղծվող հոդվածների թեմատիկ բազմազանությանը, ինչպես նաև տեղի վիքի-համայնքի զարգացմանը։


Արփինե Անդրերասյան, Արևածագի վիքիակումբի համակարգող

Շողիկ Ստեփանյան, Դդմաշենի վիքիակումբի համակարգող

Թամարա Գրիգորյան, Քարվաճառի վիքիակումբի համակարգող

Դաթո Աբուլաձե, Վիքիմեդիա Հայաստանի հաղորդակցության համակարգող